Մատչելիության հղումներ

#SaveMisha նշանաբանով ակցիաներ տասնյակ երկրներում, այդ թվում` Հայաստանում


#SaveMisha՝ «Փրկիր Միշային» նշանաբանով ակցիան Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ, Երևան, 4-ը հունվարի, 2023թ.
#SaveMisha՝ «Փրկիր Միշային» նշանաբանով ակցիան Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ, Երևան, 4-ը հունվարի, 2023թ.

Երեկ Վրաստանում և աշխարհի մի քանի տասնյակ այլ երկրներում տեղի են ունեցել բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ ազատ արձակելու պահանջով ցույցեր և երթեր:

Թբիլիսիում բժիշկների մի խումբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ կազմակերպած բողոքի ակցայի ընթացքում պահանջել է ներում շնորհել Սաակաշվիլիին, ով, ըստ նրա փաստաբանների, ազգականների և բժիշկների, ծայրաստիճան ծանր առողջական վիճակում է:

#SaveMisha՝ «Փրկիր Միշային» հեշթագով տեղի են ունեցել համերաշխության երթեր ու ցույցեր նաև արտասահմանում՝ Վրաստանի դիվանագիտական առաքելությունների մոտ:

Այս նախաձեռնության մասին անցած տարվա դեկտեմբերի 26-ին իր յություբյան ալիքում հայտնել էր ռուսաստանցի ընդդիմադիր իրավապաշտպան և փաստաբան Մարկ Ֆեյգինը, ակցիայի համահեղինակն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն է:

Ֆեյգինը կոչով դիմել էր իր յություբյան ալիքի հետևորդներին: Նա առաջարկել է հունվարի 4-ին՝ մինչև ուղղափառների Սուրբ Ծնունդը, հավաքներ անցկացնել տարբեր երկրներում՝ Վրաստանի դեսպանատների և հյուպատոսարանների մոտ:

Ենթադրվում էր, որ միջոցառումները տեղի կունենան 14 երկրներում, բայց իրականում այդ թիվն ավելի մեծ էր, և նախապես չհայտարարված ակցիաներ են կազմակերպվել Մոլդովայում և Հայաստանում:

Ըստ Ֆեյգինի հրապարակած տեսագրությունների և լուսանկարների, Երևանում մոտ մեկևկես տասնյակ մարդիկ՝ հիմնականում երիտասարդներ, #SaveMisha փոքրիկ պաստառներով եկել են Հայաստանում Վրաստանի դեսպանատան շենքի մոտ:

Միջոցառումների աշխարհագրությունը բավական ընդարձակ է՝ Միացյալ Նահանգներից մինչև Մեծ Բրիտանիա, Արևմտյան, Արևելյան և Հարավային Եվրոպա, Իսրայել, Հունաստան և նույնիսկ Ավստրալիա:

Սաակաշվիլիի բժիշկները պնդում են, որ նախկին նախագահի առողջական վիճակը սկսել է վատթարանալ 2021 թվականի հոկտեմբերին, երբ նա բանտում ի նշան բողոքի հացադուլ էր հայտարարել:

Անցյալ տարվա դեկտեմբերին բժիշկներն ասել են, որ Սաակաշվիլիին, ամենայն հավանականությամբ, բանտում թունավորել են ծանր մետաղներով, դրանց թվում է նաև սնդիկը, որի մեծ պարունակությունը կարող է մարդու համար մահացու լինել:

Սաակաշվիլիի բժիշկները, փաստաբանները և հարազատները, հարյուրավոր անվանի քաղաքացիներ, օտարերկրացի պաշտոնաթող և գործող ղեկավարներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում նախկին նախագահին տալ արտասահմանում բուժվելու հնարավորություն:

Պաշտոնական Թբիլիսին առայժմ մերժում է այդ կոչերը և պնդում է, թե Սաակաշվիլին պատշաճ բուժօգնություն է ստանում Վրաստանում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG