Մատչելիության հղումներ

Լեհ բժիշկների այցը Սաակաշվիլիին՝ անախորժ պատմություն երկու երկրների միջև


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ֆոնին՝ Վրաստանի, Լեհաստանի և Ուկրաինայի դրոշները
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ֆոնին՝ Վրաստանի, Լեհաստանի և Ուկրաինայի դրոշները

Լեհ բժիշկների այցելությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին երկու երկրների միջև դիվանագիտական անախորժ պատմության պատճառ է դարձել։

Ամեն ինչ սկսվեց հուլիսի 14-ին։ Վրաստանի քրեակատարողական ծառայությունը հայտնեց, որ Լեհաստանի բժիշկների խումբն այցելել է կալանքի տակ գտնվող Վրաստանի նախկին նախագահին, որն առողջական վիճակի պատճառով «Վիվամեդ» հիվանդանոցում է։ Արտասահմանցի բժիշկների այցը պարզապես տեսակցություն չէր հիվանդին։ Նրանք եկել էին ուսումնասիրելու Սաակաշվիլիի առողջական վիճակը։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Թվիթերում գրել էր. - «Մենք ընկերներին դժվարության մեջ չենք թողնում։ Իմ խնդրանքով լեհ բժիշկների խումբը Վրաստանում սկսեց նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական համալիր հետազոտությունը»։

Ենթադրաբար, այդ հիվանդանոցում տեսախցիկներ կան, որովհետև քրեակատարողական հիմնարկը հայտնեց, որ բժիշկներից մեկը փորձել է Սաակաշվիլիից վերցված նմուշները, ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ եղունգների ու մազերի, դուրս հանել կոշիկի մեջ թաքցրած։ Քրեակատարողական հիմնարկը միջադեպի կադրեր է հրապարակել։ Վրաստանի արդարադատության նախարար Ռատա Բրեգվաձեն հաջորդ օրն ասել է, թե լեհ բժիշկը խոստովանել է, որ նմուշները թղթի մեջ փաթաթելով դրել է գուլպայի մեջ։

Վրաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր արտգործնախարարություն։

Իշխող «Վրացական երազանք»-ը Վարշավայից պարզաբանում է պահանջում, բայց չսպասելով պատասխանի՝ իշխող կուսակցության անդամներն արդեն համոզմունք են հայտնել, որ տեղի ունեցածը Սաակաշվիլիի կողմնակիցների պլանավորած գործողություն էր, որպեսզի նրա անալիզները կեղծվեն ու կեղծված արդյունքների հիման վրա հայտարարվի, որ Սաակաշվիլին պետք է ազատ արձակվի։

Սաակաշվիլիի առողջական վիճակով Լեհաստանի իշխանությունների մտահոգությունները Վրաստանի իշխանությունները կապում են Լեհաստանի առաջիկա ընտրությունների հետ։ Իսկ Ուկրաինայի վրացի պատգամավոր Դավիթ Արախամիան հակառակն է պնդում՝ «Վրացական երազանք»-ը վախենում է ազատ արձակել Սաակաշվիլիին, քանի որ մեկ տարուց Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են, ու իշխանությունները վախենում են, որ նա կարող է հաղթել, այդ պատճառով նրան պահում են կալանքի տակ, հետաքրքրված են, որ նա վատ լինի։

Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով Կիևում երեկ միջազգային նոր շարժում է ստեղծվել։ Վերջերս Ռուսթավիի բանտից ազատ արձակված Նիկա Գվարամիան, դիմելով նոր ֆորումի մասնակիցներին, ասել է, թե մտադիր են շարժումն ընդլայնել ոչ միայն Ուկրաինայում, Եվրոպայում և ԱՄՆ-ում, այլև Վրաստանի տարածաշրջանային հարևան երկրներում։ «Կցանկանայի, որ մեր հարևանները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, իրենց խոսքն ասեն Իվանիշվիլիի ռեժիմին Միշայի գործով։ Կարծում եմ՝ այդ երկրները ևս ցավում են Միշայի համար, պարզապես դա պետք է անպայման ասել ռեժիմին, և այդ երկրներն ինչ-որ որոշումների վրա պնդելու իհարկե հնարավորություն ունեն», - հայտարարել է Գվարամիան։

XS
SM
MD
LG