Հայկական կողմը հաղորդում է 3 զոհի և 2 վիրավորի մասին

Վարդենիսի սահմանին այսօր երեք զինծառայող է զոհվել ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով՝ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը։

Պաշտպանության նախարարությունը զոհերի թվում նաև Նարեկ Կարենի Պողոսյանի անունն էր հրապարակել, սակայն րոպեներ առաջ տեղեկացրին՝ նոր զեկույց են ստացել բժիշկներից, համաձայն որիռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:

Նարեկից բացի հայկական կողմը մեկ վիրավոր էլ ունի։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Զոհերից երկուսը Արարատի մարզից են՝ Անդրանիկ Անտոնյանն ու Արսեն Մկրտչյանը։ Նրանք ընդամենը երկու շաբաթ առաջ վարժական հավաքի էին կանչվել:

Ռանչպարի բնակիչ էր 37-ամյա Արսեն Մկրտչյանը, համայնքապետն ասում է՝ գույժը գյուղ հասնելուն պես նրա հղի կնոջը հիվանդանոց են տարել:

«Անցած ամսվա 15-ին գնացել ա 25-օրյա պարտադիր հավաքին: Ամուսնացած ա, երկու երեխա ուներ, կինը հղի էր, ապրում էր ծնողների հետ, զբաղվում հողագործությամբ, շատ շնորհքով, խելոք, զուսպ, լավ տղա էր», - նշեց Ռանչպար համայնքի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը:

36-ամյա Անդրանիկ Անտոնյանը Նորաբաց գյուղից էր, վարժական հավաքի գնացած հողագործ:

«Անդրանիկը զբաղվում էր հողագործությամբ, ուներ տեխնիկա, ամուսնացած չի, ունի երկու քույր իրանից մեծ, ամուսնացած», - ասաց Նորաբաց համայնքի վարչական ղեկավար Մարգար Մարգարյանը:

Վարդենիսի սահմանին՝ Սոթքի, Նորաբակի հատվածում ինտենսիվ կրակոցներ էին առավոտյան, կեսօրից հետո լարվածությունը նվազեց:

Ըստ ռազմական գերատեսչության տարածած վերջին հաղորդագրության. - «Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»:

Այսօր առավոտյան 7:50-ից է իրադրությունը լարվել Վարդենիսի Սոթք, ավելի ուշ Նորաբակ գյուղերի դիրքերում։ Ըստ պաշտպանական գերատեսչության՝ Ադրբեջանը ինտենսիվ կրակել է հրաձգային զենքերով նաև ականանետով։ Կրակի ինտենսիվությունը 3 ժամ անց նվազեց, հետո վերսկսեց նաև անօդաչուների կիրառմամբ՝ Սոթքից բացի, Նորաբակի ուղղությամբ։

Այդ ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Բաքուն Սոթքի հատվածում ռազմական լրացուցիչ տեխնիկա ու անձնակազմ էր կուտակում։ Բաքուն հերքեց՝ պնդելով, թե հայկական կողմն է մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա կենտրոնացնում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց տեսանյութ՝ որում Ադրբեջանի զինտեխնիկայի ակտիվ շարժ է:

Պաշտոնական Բաքուն առավոտից հայկական կողմին զուգահեռ ժամանակագրությամբ հերքումներ է տարածում՝ մեղադրելով իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու, ընդհուպ հարվածային անօդաչու կիրառելու համար։ Երեք վիրավոր զինծառայողի մասին են հայտնում։

Գեղարքունիքի մարզպետի տեղեկացմամբ՝ բնակչության տարհանման հարց առայժմ չկա

Սահմանի այս մարտերը դիրքային հատվածում են, կրակոցների միայն ձայներն են հասել Վարդենիսի Սոթք։

«Բնակավայրերում հանգիստ է, ոչ մի խուճապ չկա, բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել», - ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական զինուժի կուտակման մասին է հայտարարվել, արդյոք քննարկվել է բնակչության տարհանման հարցը։
Գեղարքունիքի մարզպետի տեղեկացմամբ՝ առայժմ ոչ:

«Վիճակը կգնահատենք, կհասկանանք, բայց մինչև էս պահի դրությամբ նման խնդիր չկա, նման խնդիր դրված չի, դպրոցները աշխատում են», - նշեց մարզպետը:

Առավոտյան կրակոցներին զուգահեռ Սոթքի դպրոցում այսօր սեպտեմբերմեկյան միջոցառմամբ դիմավորել են 14 առաջին դասարանցիների։ Համայնքապետ Սևակ Խաչատրյանն ասաց. - «Սոթքում էս պահին հանգիստ է, սեպտեմբերմեկյան միջոցառումն ամբողջովին կատարվել է դպրոցում, մարդիկ էլ էս պահին իրենց բերքահավաքով են զբաղված»:

Սոթքի բնակիչներից Գրիգոր Դանիելյանը երեխաներին դպրոց էր տարել ու շտապել ցորենի դաշտ. - «Կոնկրետ դաշտում քաղ էինք անում, լսում էինք կրակոցներ, բայց խանգարելը... Աստված չանի, դե որ խանգարի թողնելու ենք գնանք էլի»:

Այս պահին կրակոցների ձայներ Սոթք չեն հասնում, հանդարտվեց, խաղաղ գիշերվա հույս ունի Սոթքի բնակիչներից Վարդանուշ Վարդանյանը։ Գյուղից տարհանում թեպետ չի եղել, բայց ասում է՝ կանայք, երեխաներ, շատերը Վարդենիս գնացին, մինչև...

«Կանայք, երեխաները, երևի 50 տոկոսը գնացել են, ամենքը իրանց էրեխեքին մեքենայով տարան, որովհետև լացում էին», - ասաց Վարդանուշ Վարդանյանը: