16։18
Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո, հայտնում է գերատեսչության խոսնակը։
15:23
Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է, հաղորդում է ՊՆ-ը:
14։52
Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա, փոխանցում է Պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
14։34
Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
14:18
Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է, տեղեկացնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
14։06
Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հստակ երևում է, թե ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը նաև հշեցնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր Երևանի՝ այդ մասին հրապարակած տեղեկատվությունը:
Կից ներկայացնում ենք ՊՆ տեսանյութը․
14:00
13:40
Ժամը 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
13:25
Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են անօդաչու թռչող սարք և ականանետ, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
12։58
ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
12։44
Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Ռազմական գերատեսչությունը նշում է, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
12։35
Բաքուն Երևանին է մեղադրում սահմանային բախումների համար։
Սրելով իրավիճակը սահմանին՝ Հայաստանը փորձում է շեղել երկրում ստեղծված քաղաքական և սոցիալական լարված իրավիճակից ու մոլորեցնել միջազգային հանրությանը, ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Այդ գործողությունները պետք է կտրականապես մերժվեն և դատապարտվեն միջազգային հանրության կողմից։ Հայաստանի կատարած սադրանքների պատասխանատվությունն ամբողջությամբ այդ երկրի վրա է», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։
12։18
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական տեղեկությունները, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում՝ դրանք որակելով ադրբեջանական քարոզչամեքենայի ստահոդ տեղեկություններ։
«Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
11։25
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Իրադրության զարգացման վերաբերյալ նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ՝ հորդորելով չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել:
11։18
Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ:
10։30
Ըստ «Ազերթաջ»-ի, ռազմական գերատեսչությունից փոխանցել են, թե ներկայումս նշված ուղղությամբ ադրբեջանական դիրքերի գնդակոծությունը շարունակվում է, «Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են վճռական պատասխան գործողություններ»։
10։21
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ:
10։15
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, երեկ պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: