Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյաը՝ նշելով՝ Շահրամանյանին լայն լիազորություններ են տրվել:
«Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը», - Ֆեյսբուքում գրել է Հարությունյանը:
Արտակ Բեգլարյանն էլ ֆեյսբուքում գրել է, որ իր դիմումի համաձայն, այսօր ազատվել է պետնախարարի խորհրդականի պաշտոնից։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022-ի նոյեմբերից:
Շահրամանյանը 2023-ի հունվարից Արցախի ԱԽ քարտուղարն էր։ 2023-ի մարտի 1-ին նա ներկա է եղել ռուս խաղաղապահների զորախմբի շտաբում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը։ Հայկական կողմից աշխատանքային խումբը նա էր ղեկավարում, ադրբեջանականից՝ Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վերաինտեգրվելու հարցեր չեն քննարկվել»․ Արցախի ԱԽ-ն մանրամասներ է ներկայացրել հանդիպումիցԳուրգեն Ներսիսյանը նախքան պետնախարարի պաշտոնում նշանակվելը Արցախի Գլխավոր դատախազն էր։ Նրա լիազորություններն այս տարվա փետրվարի 24-ին վաղաժամկետ դադարեցվեցին, դրանից մեկ օր առաջ պետնախարարի պաշտոնից ազատվեց Ռուբեն Վարդանյանը և օրեր անց այդ պաշտոնում նշանակվեց Գուրգեն Ներսիսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնն արդեն առաջարկել է Արցախի գլխավոր դատախազին