Արցախի իշխանություններն խաղաղապահ առաքելության տեղակայման վայր Իվանյանում ադրբեջանական կողմի հետ հանդիպելու առաջարկ են փոխանցել Բաքվին՝ «հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ»։ Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի փոխանցմամբ՝ ցանկանում են քննարկել գրեթե բոլոր հարցերը՝ ճանապարհից մինչև գազամատակարարում։
«Հումանիտար հարցերը վերաբերում են էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնմանը, գազամատակարարման վերականգնմանը, ճանապարհի ապաշրջափակմանը, այսինքն՝ այն ենթակառուցվածքային և հումանիտար հարցերը, որոնք հրատապ կանգնած են մեր ճգնաժամը վերացնելու համար», - նշեց նա։
Վերջին անգամ Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև շփում եղել էր մարտի սկզբին, ինչից գրեթե մեկուկես ամիս անց Ստեփանակերտն առաջարկում է նորից խոսել։ Ինչու հենց հիմա, արդյոք կար դրա համար կոնկրետ պատճառ, «Ազատությունը» հետաքրքրվեց Հարությունյանից։ Նրա խոսքով՝ առաջարկի պատճառը ընդամենը Արցախում ճգնաժամը մեղմելու անհրաժեշտությունն է։
Արցախը շրջափակված է արդեն ավելի քան 120 օր, վերջին շաբաթներին չկա նաև գազ, շարունակվում են հովհարային անջատումները։
«Դրանք այսօր ճգնաժամ են առաջացրել Արցախում, և մենք հայտնել ենք, որ մենք պատրաստ ենք շփումներ իրականացնելու, բայց այդ հարցերի շուրջ, այսինքն՝ այն ենթակառուցվածքային և հումանիտար հարցերը, որոնք հրատապ լուծումներ են այսօր պահանջում», - մանրամասնեց պատգամավորը։
Երկու շաբաթ առաջ Ստեփանակերտը մերժել էր Ադրբեջանի՝ հենց Բաքվում հանդիպելու և «ինտեգրացիոն հարցեր քննարկելու» առաջարկը։ Արցախի արտգործնախարարությունը մերժել էր առաջարկը՝ հիշեցնելով, որ պատրաստ են հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչներին միայն Արցախում և ռուս խաղաղապահների միջնորդությամբ։
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հիշեցնում է, որ հումանիտար հարցեր քննարկելու համար Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների մարտի սկզբի հանդիպումը լավ չէր ավարտվել։
«Մարտի մեկին հանդիպեցին Արցախի իշխանության ներկայացուցիչը և Բաքվից ներկայացուցիչ։ Մենք տեսանք դրա հետևանքը՝ զոհեր ունեցանք, և ավելի սեղմվեց օղակը՝ ընդհանրապես գազն անջատվեց, և առ այսօր մենք գազ չունենք», - նկատեց նա։
Մարտի 1-ին Իվանյանում ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում հանդիպել էին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը և Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը, որից օրեր անց արդեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անվտանգության խորհրդի նիստի ընթացքում խոստովանել էր, որ Բաքվի ներկայացուցիչը եկել էր իր օրակարգով, որն ինտեգրացիայի հարցը քննարկելն էր, արցախյան կողմը մերժել էր առաջարկը, իսկ հետո Բաքվից սպառնացել էին, որ դիմելու են ավելի կոշտ և կտրուկ քայլերի։ Այս հանդիպմանը հաջորդել էր ադրբեջանական դիվերսիա, որը երեք ոստիկանի կյանք խլեց։
Բաքուն շարունակ ճնշման նորանոր եղանակներ է կիրառում Արցախի նկատմամբ. ընդդիմադիր պատգամավոր
Արդեն մարտի վերջին ադրբեջանական կողմը Արցախի տարածքում դիրքային առաջխաղացման գնաց, ինչի հետևանքով ամբողջությամբ փակվեց Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը, Շուշիի շրջանի չորս համայնքներ կտրվեցին Ստեփանակերտից։
Ընդդիմադիր պատգամավորը նկատում է, որ Բաքուն շարունակ ճնշման նորանոր եղանակներ է կիրառում Արցախի նկատմամբ, հայտարարում, որ ինտեգրացիայից բացի այլ հարց չեն քննարկելու, նման պայմաններում իմաստ ունի՞ Բաքվին առաջարկել քննարկել հումանիտար հարցեր։
«Հումանիտար դաշտում որևէ հարց քննարկելը պետք է բացառվի, կարծում եմ, որ իշխանությունները ուղղակի ժամանակ առ ժամանակ ուզում են ցույց տալ, որ իրենք իբրև թե ինչ-ոչ բան են անում, ինչ-որ բանով են զբաղված, բայց իրենց այդ բոլոր իբրև թե զբաղվածությունները վերջում ցավալի արդյունքի են բերում, ցավոք սրտի», - ասաց նա։
Արցախի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, սակայն, կարծում է, որ բոլոր տեսակի շփումները մերժելը ավելի է բարդացնելու առանց այն էլ լարված իրավիճակը Արցախի շուրջ. - «Հիմա մենք շփում չիրականացնելով կամ քննարկումներ չունենալով, կարծում եմ, այս հարցը, այսինքն՝ հումանիտար կամ ենթակառուցվածքային հարցերը որևէ լուծում չեն ստանալու, դրա համար մենք մեր առաջարկն արել ենք, որպեսզի այդ օրակարգով մեր պատրաստակամությունն ենք հայտնել հանդիպում ունենալու և այդ հարցերին հրատապ լուծումներ տալու»։
Միևնույն ժամանակ, Արցախի ներկայացուցիչները կրկնում են, որ այսպես կոչված «ինտեգրացիայի հարց» իրենց օրակարգում չկա, քաղաքական հարցեր կքննարկեն միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակներում, այն դեպքում, եթե Արցախը հանդես գա որպես բանակցությունների լիիրավ կողմ։ Բաքուն առայժմ չի արձագանքել Ստեփանակերտի վերջին առաջարկությանը։