Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից


Մյունխենում Իլհամ Ալիևի ներկայացրած պահանջից ուղիղ 5 օր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Արայիկ Հարությունյանը Վարդանյանին պաշտոնանկ անելու կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել, սահմանափակվելով այս նախադասությամբ՝ «Մեր բոլորիս և պետության, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»:

Ռուբեն Վարդանյանը ոչ միայն չէր սպառում, այլև բարձրացնում էր Արցախի դիմադրողականությունը. Մեսրոպ Առաքելյան

Թե ինչպես էր Ռուբեն Վարդանյանը սպառում Արցախի դիմադրողականությունը, Արայիկ Հարությունյանը չի մանրամասնել։ Մինչդեռ Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը «Ազատության» հետ զրույցում հակադարձեց՝ Վարդանյանը Պետնախարարի պաշտոնում ամեն ինչ անում էր ճգնաժամի պայմաններում Արցախի դիմադրողականությունը ուժեղացնելու համար, թե՛ ներքին և թե՛ արտաքին ուղղություններով։

Նախ՝ Մեսրոպ Առաքելյանի խոսքով, 2.5 ամիս ձգվող շրջափակման պայմաններում, հաջողվեց հաղթահարել ռիսկերը, ծայրահեղ խնդիրներ չառաջացան և կառավարության ներդրած համակարգի շնորհիվ հաջողվեց լուծել պարենի խնդիրները։

«Ինչ վերաբերում է արտաքին մարտահրավերներին, բոլոր հնարավոր ռեսուրսներով Ռուբեն Վարդանյանը ոչ միայն բարձրացրեց Արցախի ճգնաժամի հարցը, այլ նաև սրանով Արցախի սուբյեկտայնությունը նորից վերադարձավ միջազգային հարթակներ, բոլոր հեղինակավոր ոչ միայն միջազգային մեդիաները, այլ նաև միջազգային բազմաթիվ կառույցներ, բոլոր առաջատար պետություններն արձագանքում էին այս ճգնաժամին, ինչը և՛ երևացող, մեծ մասը և՛ չերևացող աշխատանքի արդյունք էր։ Արդյունքում մենք ունեցանք բազմաթիվ իրական արձագանքներ և կարգավորումներ, նաև երեկվա Հաագայի դատարանի վճիռը, որը հստակ հերթական անգամ այլ վճիռների կողքին արձանագրեց ճանապարհի անհապաղ բացման անհրաժեշտությունը։ Այսինքն՝ այս ամենը ամփոփենք՝ այն աշխատանքները, որ տարվում է Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ ակնհայտ է, որ բարձրացնում է Արցախի դիմադրողականությունը», - ընդգծեց Առաքելյանը։

Արդյո՞ք Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելով՝ Արայիկ Հարությունյանը կատարեց Իլհամ Ալիևի պահանջը։ Ռուբեն Վարդանյանի խորհրդականը ուզում է հավատալ, որ այս համընկնումը պատահականություն է։

«Հասկանանք՝ ինչու է Ալիևը պահանջել հենց Ռուբեն Վարդանյանի հեռացումը բոլոր միջազգային հարթակներով։ Սա հենց նախորդ հարցի պատասխանն է, որ նաև Ադրբեջանի իշխանություններն էին տեսնում, որ Ռուբեն Վարդանյանի գործողությունները իրենց ծրագրերից շեղում են։ Այսինքն՝ սա ևս մեկ անգամ փաստում է, որ՝ այո, Ռուբեն Վարդանյանը խանգարում է Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախին ուղղված ծրագրերին», - ընդգծեց Վարդանյանի խորհրդականը։

Պաշտոնանկությունից հետո Ռուբեն Վարդանյանը չի հեռանա Արցախից

Չնայած պաշտոնանկությանը՝ Ռուբեն Վարդանյանը չի հեռանալու Արցախից։ Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին նախկին պետնախարարը կներկայացնի իր անելիքներն ու ծրագրերը։

«Ազատության» հարցին՝ թե նա ինչո՞վ է զբաղվելու Արցախում, Առաքելյանը պատասխանեց. - «Մնացածն արդեն պարոն Վարդանյանն ամբողջությամբ կներկայացնի, իր քաղաքական և հասարակական հնարավոր ակտիվությունը»։

Ալիևը կարողացավ ստիպել Փաշինյանին և Հարությունյանին կատարել իր կամքը

Ալիևը կարողացավ ստիպել Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին կատարել իր կամքը, Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության լուրին, այսպես արձագանքեց Արցախի ընդդիմադիր պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

«Եթե Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Արայիկ Հարությունյանը որոշում է կայացնում ազատել, ապա հասկանալի է, որ Ալիևը կարողացավ ստիպել Հայաստանի և Արցախի իշխանություններին իրենց կամքը կատարել», - նշեց Գալստյանը։

Ինչո՞ւ էր Իլհամ Ալիևը ուզում, որ Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվի։ Ընդդիմադիր պատգամավորն ասում է, որ գուցե Վարդանյանը խանգարում էր ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը։ Ենթադրաբար, ըստ Դավիթ Գալստյանի, Ալիևի պլանները ձախողվում էին, հաշվի առնելով, որ Վարդանյանը պաշտոնավարման առաջին իսկ օրվանից առաջ էր մղում Արցախի ինքնորոշման և սուբյեկտայնության հարցը, ինչին ի պատասխան Ադրբեջանի իշխանություններն ասում էին, որ Ռուբեն Վարդանյանը խանգարում է վերաինտեգրացիային։

Արայիկ Հարությունյանն արձագանքել է հնչող քննադատություններին, որ Վարդանյանին պաշտոնանկ անելով կատարել է Ադրբեջանի պահանջը. «Որևէ մեկը չի կարող ավելի մեծ ցավ ապրել այս որոշումից, քան ես: Ասեմ նաև, որ ես իմ քայլերն ու որոշումները, բացի Արցախի ժողովրդից ու պետական մարմիններից, որևէ մեկի հետ չեմ քննարկում և չեմ համաձայնեցնում»:

Արայիկ Հարությունյանը այսօր նաև հաստատել մի քանի օր շրջանառվող տեղեկությունը, որ պետական նախարարի պաշտոնն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։ Առայժմ Գլխավոր դատախազը պաշտոնապես չի հայտարարել, ընդունել է առաջարկը, թե՝ ոչ։

XS
SM
MD
LG