Արդեն 8 օր է՝ արցախցի Հելեն Դադայանի դին Հայաստանից Արցախ չի տեղափոխվում։ Բաքվի հետ բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։ Արևմտյան Հայաստանից վերադարձի ճանապարհին Շիրակում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված ուսանողուհու դին Գորիսի դիահերձարանում է։
Չնայած աղջկա հարազատների աղերսներին և Արցախում ու Երևանում իրականացվող ցույցերին՝ առայժմ որևէ հստակություն չկա՝ երբ կկարողանան Դադայանին հարազատ Ճարտարում հուղարկավորել։
«Խոստումները շատ են, բայց կոնկրետ գործողություն այսօր չի պլանավորվում, վաղը հույս ունեմ», - ասում է Հելենի երևանաբնակ մորեղբայրը՝ Միշա Սաֆարյանը, որը փակված Լաչինի միջանցքի մյուս կողմում՝ Գորիսում, զբաղվում է այս հարցերորով։
Նա ասում է՝ նախօրեին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովն է խոստացել՝ եթե Կարմիր խաչը չտեղափոխի, իրենք կփորձեն օգնել։ Առանց փակագծեր բացելու ուսանողուհու մորեղբայրն ասաց, որ խոստացել են՝ վաղը գուցե հստակություն լինի։
«Հուսով ենք, որ երկուսից մեկը կստացվի ու արագ կստացվի, այլևս համբերելու ժամանակ չունենք։ Խոստումները երեկ են եղել, չգիտեմ՝ արդյունքները վաղը կամփոփենք», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Աղաչում եմ, պաղատում եմ, պահանջում եմ». - Հելեն Դադայանի մայրը վեցերորդ օրն է՝ սպասում է դստեր մարմինն իրեն՝ Արցախ հասնի
21-ամյա Հելեն Դադայանի դին ծնողներին հասցնելու պահանջով Կարմիր խաչի երևանյան գրասենյակի դիմաց մի խումբ ակտիվիստներ նախորդ ուրբաթ ցույց անցկացրին՝ նրանք մի քանի ժամ շարունակ արգելափակել էին գրասենյակի ելումուտը, մինչ երկուշաբթի ժամկետ էին տվել՝ որևէ հստակ պատասխան ունենալու ակնկալիքով։
Մի քանի երիտասարդներ այսօր էլ էին Կարմիր խաչ եկել, բայց ինչպես պարզվեց, գրասենյակի աշխատակիցներն արդեն հեռացել էին։
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը Բաքվի հետ ընթացող քննարկումներից նորություն չի հաղորդում, ավելի վաղ միայն ասել էին՝ ոչ մի երաշխիք տալ չեն կարող, քանի դեռ մարմնի տեղափոխումն ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Արցախի և Ռուսաստանի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան
Արցախում ապրող Դադայանի հարազատները աղջկան Հայաստանում հուղարկավորելու տարբերակը չեն քննարկում ու չնայած արդեն օրեր շարունակվող անորոշությանը՝ հուսով են՝ շուտով մի նորություն կիմանան կա՛մ Կարմիր խաչից, կա՛մ ռուս խաղաղապահներից։ Ի դեպ, վերջիններիս ուղեկցությամբ հունիսի 15-ից ի վեր, երբ Ադրբեջանն ամբողջությամբ փակեց Հակարիի կամուրջը, այսօր առաջին անգամ մարդիկ են Արցախից Հայաստան տեղափոխել։
Ստեփանակերտից հայտնում են՝ 41 քաղաքացիների ռուսները փակված Լաչինի այս կողմ են տեղափոխել։ Նրանց թվում ՌԴ քաղաքացիներ են ու հայաստանյան բուհեր ընդունված արցախցիներ։
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները ուղիղ եթերներով էին պատմում տեղափոխման մասին։ Արցախի իշխանությունները շեշտում են. «Ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն Արցախի քաղաքացիների նկատմամբ անօրինական հսկողության ու խոչընդոտների: Մասնավորապես, անձանց կամքին հակառակ՝ ադրբեջանցիները և իրենց հրավիրած լրագրողները հերթական անգամ նկարահանել են նրանց դեմքերը և օգտագործել քարոզչական նպատակներով: Բացի դրանից, ադրբեջանական կողմը թույլ չի տվել՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը», - հաղորդում է Ստեփանակերտը։
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ խաղաղապահների հետ նախնական պայմանավորվածություն կա, որ առաջիկա օրերին շարունակվի ուսանողների և ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը: Կզբաղվե՞ն ռուսները նաև հակառակ ուղղությամբ մարդկանց տեղափոխելով, այս մասին որևէ պաշտոնական տեղեկություն այս պահին չկա։