Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը հերքում է Արցախի ՊԲ կողմից օդանավերի GPS համակարգերը ճնշելու մասին Բաքվի հերթական հաղորդումը


Արցախի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում, արխիվ

Պաշտոնական Ստեփանակերտը հերքել է Արցախի Պաշտպանության բանակի կողմից քաղաքացիական օդանավերի GPS համակարգերը ճնշելու մասին Բաքվի հերթական հաղորդումը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ Արցախի զինված ուժերը ճնշել են Ադրբեջանի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը՝ «փորձելով սպառնալիք ստեղծել թռիչքների անվտանգության համար»։ Ըստ Բաքվի՝ վերջին նման միջադեպն արձանագրվել է այսօր, երբ ՊԲ համապատասխան ստորաբաժանման ռադիոճնշման հետևանքով խափանվել են ժամը 10։15-10։23-ը Ֆիզուլի-Բաքու երթուղով չվերթներ իրականացնող օդանավի GPS տեղորոշման համակարգերը։ «Չնայած միջադեպի մասին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը տեղյակ պահելուն, որևէ միջոց չի ձեռնարկվել», - հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ը:

Արցախի պաշտպանության նախարարությունը ստահոդ է որակում այդ հաղորդումը՝ ընդգծելով. - «Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարությունը չի կարող դիմանալ մասնագիտական փորձաքննության։ Ինչպես արդեն նշել ենք նախկինում, հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում Արցախի Հանրապետության օդային սահմանները։ Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով օրավուր խորացող հումանիտար աղետից»։

Արցախի ռազմական գերատեսչությունը կրկին հիշեցնում է, որ 2020 թվականի պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում և դրանից հետո «հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG