Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ-ն «որոշում կայացնողներին» փոխզիջման կոչ է անում՝ հնարավոր դարձնելու վերսկսել հումանիտար մատակարարումները Արցախ


ԿԽՄԿ ավտոմեքենաները Լեռնային Ղարաբաղում, արխիվ
ԿԽՄԿ ավտոմեքենաները Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հաղորդագրություն է տարածել՝ «որոշում կայացնողներին» կոչ անելով փոխզիջում գտնել և հնարավոր դարձնել Արցախ հրատապ անհրաժեշտ մարդասիրական մատակարարումների վերսկսումը:

ԿԽՄԿ-ն ընդգծում է, որ մնում է աճող մարդասիրական կարիքներին արձագանքելու համար Լաչինի միջանցքով գործող միակ մարդասիրական կազմակերպությունը: «Բժշկական վերջին մատակարարումները կատարվել են հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքինը՝ հուլիսի 14-ին», - ասված է հաղորդագրությունում:

Լաչինի միջանցքի շրջափակման ավելի քան ութ ամիսներին՝ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023-ի օգոստոս, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տարհանել է բժշկական օգնության կարիք ունեցող ավելի քան 700 մարդու, այդ թվում 41-ին՝ այս ամիս:

Կազմակերպությունը 600 մարդու, այդ թվում՝ 230 անչափահասների, օգնել է անցնել Լաչինի միջանցքով՝ վերամիավորվելու իրենց ընտանիքների հետ, նշված է հաղորդագրությունում:

ԿԽՄԿ-ն օգնություն է ուղարկել 77 բեռնատարներով, այդ թվում՝ 900 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ, շուրջ 10 հազար մարդասիրական օգնության ծանրոց է բաշխել կարիքավորներին, այդ թվում՝ հղի կանանց, 1,5 հազար տոննա ցորենի ալյուր, 20 հազար տոննա արևածաղկի ձեթ, 3 հազար տոննա դիզելային վառելիք՝ շտապօգնության ծառայություններին, հարյուրավոր տոննա սերմեր՝ գյուղատնտեսության համար, տրամադրել է երկու պոմպ և մաքրող քիմիական նյութեր՝ խմելու ջրի համար, հաղորդում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:

XS
SM
MD
LG