Մատչելիության հղումներ

ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Արցախի և Ռուսաստանի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան


Հունիսի 14-ից ի վեր առաջին անգամ ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Արցախի և Ռուսաստանի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, հայտնում է ԼՂ կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը:

Հաղորդագրության մեծ նշված է, տեղափոխված ՌԴ քաղաքացիները վաղուց էին սպասում իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի բնակիչները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ և արտասահմանյան բուհեր: Ըստ խաղաղապահների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների և ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բազմաթիվ անձանց երկկողմանի տեղաշարժը:

«Այս պահի դրությամբ, հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանում սպասում են Արցախ վերադարձին, շտապ և պլանային առողջական հիմքերով 333 անձ հերթագրված է Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվելու համար՝ չհաշված հումանիտար, աշխատանքային և այլ նպատակներով երկկողմանի տեղաշարժի անհրաժեշտությունը հազարավոր անձանց մոտ:

Ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն Արցախի քաղաքացիների նկատմամբ անօրինական հսկողության ու խոչընդոտների: Մասնավորապես, անձանց կամքին հակառակ՝ ադրբեջանցիները և իրենց հրավիրած լրագրողները հերթական անգամ նկարահանել են նրանց դեմքերը և օգտագործել քարոզչական նպատակներով», - նշված է հայտարարությունում:

Բացի այդ, ադրբեջանական կողմը թույլ չի տվել ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են ճանապարհը, հայտնում են Արցախից՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:

«Ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիների անցումը որևէ կերպ չի փոխում Արցախի Հանրապետության կառավարության դիրքորոշումը Լաչինի միջանցքում գործող այդ անցակետի և ադրբեջանական մնացած խոչընդոտների վերաբերյալ: Արցախի Հանրապետության կառավարությունը շարունակում է պնդել, որ պետք է ամբողջությամբ վերականգնվի անձանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ առանց ադրբեջանական որևէ միջամտության՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի հրամանների», - ասված է հաղորդագրությունում:

Ութ ամիս է՝ Արցախը շրջափակման մեջ է: Գրեթե երկու ամիս Արցախ որևէ գրամ սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանք չի մտնում. Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռը մնացել է Հակարիի կամրջի մոտ՝ անորոշ ճակատագրով։ Խանութները դատարկ են, ակտիվություն կա միայն հացի երկար ձգվող հերթերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG