ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կայանալիք հրատապ նիստին ընդառաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հայաստանի իշխանություններին զգուշացնում է որևէ պարագայում թույլ չտալ, որ Ադրբեջանը միջազգային կառույցում ընդունվելիք փաստաթղթում ամրագրի, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։
Օսկանյանը մտավախություն ունի, որ Լաչինի միջանցքը բացելու դիմաց Բաքուն կարող է նման ձևակերպմամբ պահանջ ներկայացնել, որի ընդունման դեպքում Արցախի ժողովուրդը վերջնականապես կզրկվի ինքնորոշման իր իրավունքի հնարավորությունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ ակնկալել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում վաղվա նիստում«Հավատացեք Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու, ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը կամ միջանցքը: Սրանում չկասկածեք, Ադրբեջանը կմտնի նման առևտրի մեջ: Միացյալ Նահանգները, մյուս միջնորդները սրա հետ խնդիր չեն ունենա, սրանք նույնպես կքաջալերեն Հայաստանին ո Ադրբեջանին գնալ այդ առևտրին: Հայաստանի վրա ճնշում կլինի, որ նման բանաձևին իր համաձայնությունը տա: Հավատացեք, սա կլինի մեր համար մեծ հարված, սա ուղղակի վերջ կդնի Արցախի ժողովրդի ինքնորոշմանը, որովհետև Անվտանգության խորհրդի կողմից նման ամրագրումը կունենա միջազգային օրենքի ուժ և կծածկի բոլոր այլ տեսակի հիմնավորումները, նորմերը, որոնք կարող են վերաբերել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին: Հանկարծ Հայաստանի իշխանությունների մտքով նույնիսկ չանցնի, որ նրանք կարող են մտնել նման առևտրի մեջ», - ընդգծեց Օսկանյանը:
«Բոլոր պլյուսները, մինուսները, քննարկել ենք, հասկանում ենք, գիտենք». Էդմոն Մարուքյան
Իշխանությունից արդեն արձագանքել են Օսկանյանի այս զգուշացմանը։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշել է, թե նախ նման խնդիրների մասին հրապարակային խոսելը օգուտ չի բերի հայկական կողմին։ Եվ հետո եթե Հայաստանը քայլ է արել, ապա դրական ակնկալիքներից բացի, նաև հնարավոր ռիսկերն է գնահատել։
«Ճանաչումը ՄԱԿ-ի հարթակում տեղի չի ունենում, ճանաչումը տեղի է ունենում խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, և Վարդան Օսկանյանն անգիր դա գիտի: Հասկանում եմ, որ բոլորն էլ ուզում են ինչ-որ մի բան ասեն, ինչ-որ մի բան անեն, իրանց փորձը կիսեն, բայց բաներ կան պետք է հրապարակային ասել ներքաղաքական կյանքի վերաբերյալ, բաներ կա, որ արտաքին քաղաքական կյանքի վերաբերյալ են, չարժի հրապարակային ասել, հազար ու մի ալիքներ կան ու ամենակարևորը, որ այդ դիմելու ժամանակ, բնականաբար, մենք այդ բոլոր պլյուսները, մինուսները, հնարավորությունները քննարկել ենք, հասկանում ենք, գիտենք», - նշեց Մարուքյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում կարծում են՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ադրբեջանի դեմ փաստաթուղթ չի ընդունվիՆախկին արտգործնախարարը Հայաստանի իշխանություններին ուղղված զգուշացնումներին զուգահեռ, նաև կարծում է, որ պաշտոնական Երևանը ճիշտ քայլ է արել՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը բարձրացնելով ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդում։ Բայց, ըստ Վարդան Օսկանյանի, պետք է կարողանալ այդ գործընթացը պահել վերահսկողության տակ, որպեսզի այն մղձավանջի չվերածվի։ Միաժամանակ նա հույս է հայտնում է, որ Հայաստանը նախապես աշխատել է ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի 5 մշտական և 10 ոչ մշտական անդամների հետ, որպեսզի ընդունվելիք փաստաթղթում Հայաստանի համար վտանգավոր զարգացումներ չամրագրվեն, հատկապես, որ դրա վտանգը կա։
«Ունենալով շատ ուժեղ հիմնավորումներ, նոյեմբերի 9-ի ստորագրությունը, ունենալով Արդարադատության միջազգային դատարանի, որը ՄԱԿ-ի կառուց է և Օկամպոյի զգուշացումները, այդ երեք փաստաթղթերով մենք կարող ենք իսկապես ձեռք գցել մի բանաձև, թեկուզ և հայտարարություն, որը կպարտադրի Ադրբեջանին բացել Լաչինի ճանապարհը», - նշեց նախկին նախարարը:
Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա Երևանի ժամանակով երեկոյան 11-ին։ Հրատապ նիստում, որտեղ քննարկելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման հարցը, ելույթ է ունենալու նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Պաշտոնական Երևանը Անվտանգության խորհրդին ուղղված իր դիմումում կոչ էր արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու Անվտանգության խորհուրդը «կանխի էթնիկ զտումները և ցեղասպանությունը»։
Քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը կարծում է՝ նվազագույնը, որ պետք է ակնկալել հրատապ նիստից, այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փաստահավաք առաքելություն ուղարկի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակն արձանագրելու համար։ Քանի որ, ըստ Քոչինյանի, պարզ է՝ Ադրբեջանը կրկին պնդելու է, թե շրջափակում չկա և ամեն ինչ նորմալ է։ Իսկ առավելագույն ակնկալիքը, բանաձևի ընդունումն է, որը կպարտադրի Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը
«Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է իսկապես իրավիճակ փոխող արդյունք ունենանք», Քոչինյանը պատասխանեց. - «Ես ճիշտն ասած չեմ հավատում մեկ օրում կամ մեկ ժամում իրավիճակ փոխող նախաձեռնություններին, զարգացումներին, բայց սա կարող է դառնալ կարևոր հանգրվան իրավիճակի փոփոխման ճանապարհին, եթե տնային աշխատանքը լավ է արվել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե Ղարաբաղի հայերին առաջարկել է նաև Ֆիզուլի-Շուշի ճանապարհըԲաքուն Հայաստանին կոչ է արել զերծ մնալ տարածաշրջանում իրավիճակը «սրող սադրիչ քայլերից»
Բաքուն նիստին ընդառաջ արդեն մի քանի անգամ կոշտ քննադատել է Երևանին։ Այսօր էլ Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանին կոչ է արել զերծ մնալ տարածաշրջանում իրավիճակը «սրող սադրիչ քայլերից և հայտարարություններից», չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և միջազգային հանրությանը «շփոթեցնելու փորձերը» շարունակելու փոխարեն կատարել ստանձնած պարտավորությունները։
Առայժմ պարզ չէ՝ թե ինչ փաստաթուղթ կընդունվի ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդում՝ բանաձև, նախագահի հայտարարություն, թե՞ մամուլի համար հայտարարություն։ Հստակ չէ նաև՝ արդյո՞ք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լաչինի միջանցքի բացման հարցով հենց այսօր որոշում կկայացնի։ Ըստ ընթացակարգի պարտադիր չէ, որ ընդունվելիք հայտարարությունը կամ բանաձևը հրապարակվի հենց հարցի քննարկման օրը։