Արտգործնախարար Արարատ Միրզոյանը վաղը ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ Հայաստանի դիմումի հիման վրա քննարկելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման հարցը։ Միրզոյանի ելույթը նախատեսվում է վաղն օրվա երկրորդ կեսին։
Նիստը անցկացնելու համար ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Մհեր Մարգարյանը դիմել էր Ամերիկայի դեսպանին, պնդելով, որ հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակումը սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի խիստ պակաս է առաջացրել։
«Կանխամտածված կերպով բնակչության համար անտանելի կենսապայմանների ստեղծումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային վայրագություն, որը թիրախավորում է Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին՝ ստիպելու նրանց լքել իրենց հայրենիքը», - նշել է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը։
Պաշտոնական Երևանը կոչ է արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու Անվտանգության խորհուրդը «կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»։
Ի՞նչ ակնկալել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում վաղվա նիստում։
Հրատապ նիստն ընթանալու է բաց ռեժիմով, որին մասնակցելու են Անվտանգության խորհրդի 15՝ 5 մշտական և 10 ընտրված անդամները։ Այս ամիս Անվտանգության խորհուրդը նախագահում է ԱՄՆ-ը։ Նիստին կարող են մասնակցել նաև հրավիրյալ անդամներ, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումները։
Ըստ ընթացակարգի, ելույթ կունենան նաև 15 երկրների ներկայացուցիչները․ թե նրանցից ով ինչպե՞ս կդիրքավորվի և ի՞նչ կարծիք կհայտնի քննարկվող հարցի շուրջ՝ այս պահին դժվար է ասել։
Առայժմ պարզ չէ նաև, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ի՞նչ փաստաթուղթ կընդունի՝ բանաձև, նախագահի հայտարարություն, թե՞ մամուլի համար հայտարարություն, վերջինն իր կարգավիճակով ամենացածրն է։
Բարձրաստիճան դիվանագետները չեն թաքցնում՝ Հայաստանի համար լավագույն տարբերակը կլինի, որ ընդունվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որտեղ ՄԱԿ-ը և կառույցի գլխավոր քարտուղարը կստանան կոնկրետ գործողություններ կատարելու մանդատ՝ սկսած հումանիտար իրավիճակի կարգավորումից, վերջացրած տեղում գտնվելով և գետնի վրա իրավիճակի մասին Անվտանգության խորհրդին տեղեկատվություն ներկայացնելով։ Սակայն դժվար է ասել, թե ինչ բովանդակությամբ փաստաթուղթ կընդունվի, ինչ անդրադարձ կլինի Լաչինի միջանցքին ու Աղդամով հումանիտար օգնության տրամադրմանը, Ստեփանակերտ - Բաքու երկխոսությանը, խաղաղապահներին և մի շարք այլ հարցերին։
Ինչպես փորձառու դիվանագետներն են ասում՝ պետք է իրատեսական լինել և չբացառել, որ բանաձևը կարող է նաև այլ երանգներ ունենալ։ Ի դեպ, ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևն ընդունվում է կա՛մ կոնսենսուսով, կա՛մ ձայների մեծամասնությամբ, տվյալ դեպքում առնվազն անհրաժեշտ է 9 ձայն, և եթե 5 մշտական անդամներից որևէ մեկը վետո չդնի, բանաձևը կընդունվի։
«Ցավոք սրտի հայկական կողմը Ադրբեջանի տվել է ուժեղ խաղաքարտ». Արա Այվազյան
Կկարողանա՞ արդյոք Հայաստանը ստանալ բավարար կողմ ձայներ՝ ցանկալի փաստաթղթի ընդունման համար։ Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, որ շատ կարևոր է, թե Հայաստանի արտգործնախարարությունը իր տնային աշխատանքը ինչպես է կատարել, բազմակողմ ու հատկապես երկկողմ դիվանագիտական հարթակներում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի անդամների հետ։
Այվազյանն ասում է, թե նկատել է, արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջին շրջանում խոսել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների հետ։ Վստահ է՝ դա միայն այսբերգի գագաթն է և ենթադրում է, որ դեսպանությունները և միջազգային կառույցներում Հայաստանի ներկայացուցիչները նույնպես աշխատել են այդ ուղղությամբ։ Սակայն նախկին արտգործնախարարը շեշտում է՝ «ցավոք սրտի հայկական կողմը Ադրբեջանին տվել է ուժեղ խաղաքարտ, քանի որ Փաշինյանը բանավոր ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում»։
Հարցին, թե հաշվի առնելով այդ հանգամանքը, քիչ հավանակա՞ն է, որ անվտանգության խորհուրդը Բաքվի դեմ փաստաթուղթ կընդունի, Արա Ավազյանը պատասխանեց, թե չի բացառում դրա հնարավորությունը, քանի որ Արցախում ունենք հումանիտար ճգնաժամից մինչև ցեղասպանության նախանշաններ։ Հետևաբար, նույնիսկ եթե Ադրբեջանը նշի, որ դա իր ներքին գործն է, ակնհայտ է, և դրա մասին խոսել են նաև միջազգային կարևոր փորաձագետներ, որ Ադրբեջանի կողմից այդ տարածքի բնակիչներին էթնիկ զտումներ են սպառնում։
ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևը կարող է կարևոր ձեռքբերում լինել հայկական կողմերի համար
Հնարավո՞ր է ընդունել բանաձև կամ, հայտարարություն, որը կստիպի Բաքվին բացել Լաչինի միջանցքը։ Նախկին արտգործնախարարն ասում է, թե Ադրբեջանը բազմիցս է նշել, որ որևէ միջազգային փաստաթուղթ իր համար առոչինչ է։
«Համենայն դեպս ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևը, կարծում եմ, կարող է կարևոր ձեռքբերում լինել հայկական կողմերի համար, եթե, իհարկե, լինի բանաձև, հետևաբար եկեք սպասենք», - «Ազատության» հետ զրույցում նշեց Արա Այվազյանը։
Ակնկալում ենք հստակ միջոցառումներ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. Հատուկ հանձնարարություններով դեսպան
«Երբեք որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ գնալով դու կունենաս երաշխավորված քեզ համար դրական ակնկալիք կամ ընդհակառակը», - ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ, հատուկ հանձնարարություններով դեսպանը նախօրեին Հանրայինի հետ զրույցում ասել էր, թե ակնկալում են հստակ միջոցառումներ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ, օրինակ, որ ՄԱԿ -ի հումանիտար գրասենյակի միջոցով օգնություն տրամադրվի, նաև փաստահավաք խումբ ուղարկվի Արցախ, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշման կատարման վերաբերյալ բանաձև կլինի, որը կպարտադրի Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը։
«Առնվազն այդ ահին կարող եմ ասել, որ մենք կունենաք քննարկում: Մնացած մասով, թե ինչ քայլեր կարող են լինել, ինչ որոշումներ կարող է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իրականացնել, զինանոցը շատ մեծ է», - նշել է Մարուքյանը:
Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի նիստում կրկին Հայաստանի պահանջով քննարկվել էր նաև 8 ամիս առաջ, 2022-ի դեկտեմբերին։ Չնայած միջանցքը բացելու շուրջ տարբեր երկրներից հնչած կոչերին, Ադրբեջանը ոչ միայն չբացեց Լաչինի միջանցքը, այլև ամիսներ անց ավելի կոշտ միջոցների դիմեց՝ անցած հունիսից ի սպառ արգելելով Հայաստանից որևէ տեսակի հումանիտար բեռի տեղափոխումը Արցախ։