Ադրբեջանական ստորաբաժանումները օգոստոսի 12-ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի կապի ենթակառուցվածքի սարքավորումների, իսկ ժամը 14։15-ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը՝ նշելով՝ հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։
Բաքուն այսօր նախ հաղորդեց, թե ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 12-ին` ժամը 07:43-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ավելի ուշ Ստեփանակերտին մեղադրեց Մարտունու շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։
Ըստ Ստեփանակերտի Բաքուն օրվա ընթացքում երկու ապատեղեկատվություն տարածելով, փորձում է հիմնավորել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի օգոստոսի 12-ին արձանագրված խախտումները, ինչպես նաև շեղել միջազգային ուշադրությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը դիմել է ՄԱԿ ԱԽ՝ ԼՂ հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով