Տարբեր տեղերում ինքնակամ դրոշներ դնելու Ադրբեջանի ձեռագիրը խաղաղության ու սահմանազատման գործընթացները վիժեցնելու ծրագրի է նման. վարչապետ
Տարբեր տեղերում ինքնակամ դրոշներ դնելու Ադրբեջանի ձեռագիրը խաղաղության ու սահմանազատման գործընթացները վիժեցնելու ծրագրի է նման, կառավարության նիստին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը հունիսի 15-ի դրոշի հետ կապված միջադեպն է եղել։
Փաշինյանն արձագանքեց Ալիևի՝ Euronews-ին տված հարցազրույցի ընթացքում արած հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991թ. Ալմա-Աթիի հռչակագրով, և դա վերահաստատվել է 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով։ Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա-Աթիի հռչակագրով ֆիքսված սահմանը՝ վիճարկելու տեղ թողնող դրույթներով, խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը», - ասաց ՀՀ ղեկավարը:
Մյուս կողմից՝ Փաշինյանը հարց է բարձացնում, թե եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարցից է խոսում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում. - «Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը ոչ թե սահմանի բացակայության մասին է վկայում, այլ հակառակը՝ որոշված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է՝ որպես պետական սահման»:
Փաշինյանն Ադրբեջանին կոչ արեց զերծ մնալ միջազգային մեխանիզմով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության տապալումից
Հայաստանի վարչապետը կրկին հայտարարեց, որ Երևանը հավատարիմ է Ադրբեջանի 86,600 և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը և սպասում է Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանին կոչ արեց զերծ մնալ միջազգային մեխանիզմով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության տապալումից ու Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից՝ հիշեցնելով, որ հումանիտար բեռն արդեն ավելի քան 1 շաբաթ Հակարիի կամրջի մոտ է, իսկ Կարմիր խաչի կողմից Երևան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է ադրբեջանական անցակետից. - «Մյուս կողմից՝ Ադրբեջանի նախագահի Euronews-ին տված հարցազրույցում արած հայտարարությունից հետո՝ թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պարզաբանումը»:
Ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն ապահովում Հայաստանի հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, թե «չի արգելափակել» Լաչինի միջանցքը: Ըստ Փաշինյանի՝ այս հարցի պարզաբանման ուղղությամբ պետք է աշխատեն համապատասխան մարմինները։
Արդյոք խոսքն Արտգործնախարարության մասին էր, «Ազատությունը» հարցում է ուղղել արտաքին գերատեսչությանը։
Բաքուն Երևանին մեղադրում է «իրավիճակը սրելու մտադրության մեջ»
Մինչ այդ չուշացավ Բաքվի արձագանքը Փաշինյանի հայտարարություններին. Ադրբեջանի արտգործնախարարությունը Երևանին մեղադրեց «իրավիճակը սրելու» մտադրության մեջ, հավելելով, որ «Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու մասին պնդումները հիմք չունեն», քանի որ Բաքուն բազմիցս հայտարարել է, որ «անթույլատրելի է ապրանքներ տեղափոխել իր տարածք՝ առանց այդ հարցը ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու»։
Բաքուն փորձում է էլ ավելի ամրացնել իր դիրքերը քաղաքական հարթությունում. քաղաքական մեկնաբան
«Ըստ էության, Ադրբեջանն անգամ եթե տեսականորեն, օրինակ, համաձայնվի ինչ-որ սահմանափակ քանակությամբ բեռ տեղափոխել, թույլ տալ տեղափոխել դեպի Ստեփանակերտ, օրինակ՝ այն հումանիտար բեռը, որը հիմա կանգնած է Հակարիի կամրջի մոտ, ինքը ուզում է դրանից մաքսիմալ կապիտալ քաղի քաղաքական, այսինքն՝ օրինակ՝ ստանա Հայաստանից պաշտոնական դիմում թույլտվության համար, որպեսզի այդ բեռն անցնի», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը։
Նրա կարծիքով՝ Բաքուն փորձում է էլ ավելի ամրացնել իր դիրքերը քաղաքական հարթությունում՝ կորզելով իր տարածքային ամբողջականության մասին նաև գրավոր փաստաթղթեր. - «Հիմա անել դա, թե՞ չանել։ Մի կողմից՝ բնականաբար, չանել, որովհետև սա հերթական էլեմենտը կլինի Արցախի սուբյեկտայնության ապամոնտաժման և ինտեգրացիա Ադրբեջանի կազմում, մյուս կողմից՝ հումանիտար իրավիճակը դառնում է այլևս օրհասական, և այդտեղ հարցը դառնում է այլևս օրերի հարց, թե երբ են սովից աղետալի հետևանքներ սկսվելու։ Դրա համար ես կողմնակից չեմ որևէ լուծում, որը այս րոպեին ինչ-որ խնդիր կլուծի, բացառելու, քանի դեռ դրա այլընտրանքը չկա»։
Բաքվի այսօրվա հայտարարության մեջ նաև նշված է, թե «եթե հայկական կողմը իսկապես հետաքրքրված է խաղաղությամբ և պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ապա պետք աջակցի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի կիրառմանը։ Արցախում այդ առաջարկը համարում են անընդունելի և սպառնալիքներով և ուժով ինտեգրելու փորձ։
Օրերս նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էր հայտարարել, թե Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք չէ։ Այս օրերին բազմաթիվ երկրներ ու կառույցներ են կոչ արել բացել Լաչինի միջանցքը։