Միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ Վագիֆ Խաչատրյանի հետախուզման վերաբերյալ տվյալ, կրկին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ միջազգային գործընկերների և տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակ՝ շեշտելով՝ անձի հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։
Պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ համապատասխան նամակներ են ուղարկվել նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին։
Արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ Ձերբակալված արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը նենգ և անընդունելի արարք է. Միրզոյանը՝ ԿԽՄԿ նախագահինՄանասյանը հանդիպել է առևանգված քաղաքացու հարազատներին
ՄԻՊ գրասնեյակը տեղեկացնում է, որ Մանասյանը հանդիպել է նաև առևանգված քաղաքացու հարազատների հետ, որոնց ներկայացվել են իրականացվող, սակայն հրապարակման ոչ ենթակա աշխատանքների մանրամասները։
Ընդգծելով, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, ով ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով՝ Պաշտպանը հայտարարում է՝ վերջինիս առևանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Մանասյանը նաև արձանագրել է՝ սոցիալական ցանցերում, մասնավորապես, տելեգրամյան ալիքներում, ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս։ Պաշտպանը սա խիստ անընդունելի և դատապարտելի է որակել։
Այս երևույթը Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականության ևս մեկ ապացույց է, եզրափակել է Անահիտ Մանասյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ