Մատչելիության հղումներ

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը հստակ կարմիր գիծ է, որ չի կարող ադրբեջանական վերահսկողություն լինել Արցախի ժողովրդի հանդեպ․ Բեգլարյան


68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով՝ Խաչատրյանին առևանգել են հենց Կարմիր խաչի մեքենայից՝ Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայությամբ։

Բեգլարյանը խոսքով՝ որևէ մեկը երաշխավորված չէ, որ հաջորդ առևանգված անձն ինքը չի լինելու։

«Ահա այսօրվա դեպքը մեզ համար հստակ ցուցիչ է լրացուցիչ, թե ինչ կարող է պատահել ադրբեջանական անցակետի առկայության պարագայում։ Որևէ մեկը երաշխավորված չէ, որ հաջորդ առևանգված անձն ինքը չի լինելու և առևանգումից հետո, թե ինչ է կատարվելու Ադրբեջանում՝ գլխատում, խոշտանգում, նվաստացում, ցմահ բանտարկություն և այլն, բոլոր հնարավոր սցենարները հնարավոր են։ Խեղճ մարդու գլխին գործ են կարում, իրեն որպես ցեղասպան են հռչակում հենց ցեղասպնները, ահաբեկիչները, ու չգիտենք, թե այդ մարդու ճակատագիրն ինչ է լինելու այսուհետ», - ասաց Բեգլարյանը՝ շեշտելով՝ սա արդեն հստակ կարմիր գիծ է, որ չի կարող ադրբեջանական տիրապետություն, վերահսկողություն լինել Արցախի ժողովրդի հանդեպ, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի հնարավորությունների հանդեպ։

68-ամյա տղամարդու առևանգման մասին շաբաթ օրը Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն էին ահազանգել։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ Վագիֆ Խաչատրյանն անցնում է «դեկտեմբերի 22-ին հարուցված քրեական գործով՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով»։ Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի իրավապահները Խաչատուրյանին մի շարք ծանր հանցանքներ են վերագրում, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում իրականացնելու, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։ Արցախցու դուստր Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդականը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG