Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք, հայտարարում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Երեկ երեկոյան հրապարակած հայտարարությունում Բորելը շեշտում է, որ «Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով»:
«Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտված է մնում ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանին», - ասված է հայտարարությունում:
«Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները բավարար չեն կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում», - ընդգծում է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն՝ շարունակելով.
«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»։
Բորելը նաև նշում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն տուժել է, և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ հիվանդների տեղափոխումն ու մարդասիրական մատակարարումները: Մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից, շեշտում է Բրյուսելը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԽՄԿ-ն ահազանգում է՝ ոչ մի ուղիով ի վիճակի չէ օգնություն հասցնել Արցախ«Եվրամիությունը և մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մեծապես ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության խթանման գործում: Պահանջվում է նաև բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի ու փոխադարձ վստահության վրա հիմնված ապագային», - ասված է Եվրամիության բարձր ներկայացուցչի հայտարարությունում:
Հայաստանը երեկ 19 բեռնատարներով մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեց արդեն յոթ ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղ: Բեռնատարները Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում արդեն հատել են հայկական անցակետը, սակայն դեռևս այնտեղից չեն շարժվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը անցավ հայկական անցակետը (թարմացված)Պաշտոնական Բաքուն Երևանի այս քայլը «սադրանք» է որակել և պնդել, թե «բրյուսելյան պայմանավորվածության համաձայն՝ Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհը լիովին պատրաստ է բոլոր տեսակի ապրանքների առաքման համար»։ Հայաստանը հերքել է պնդումները, թե Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը Աղդամի ճանապարհով մատակարարումներ իրականացնելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարուքյանը հերքում է Աղդամի ճանապարհի շուրջ պայմանավորվածությունները, Հաջիևը հայտարարում է, թե «խաղն ավարտված է» (լրացված)Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերը թվիթերյան գրառմամբ ևս մեկ անգամ ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. վարչապետ