Արցախի նախագահը հրատապ արձագանք է ակնկալում միջազգային հանրությունից՝ եթե քայլեր չանեն, Արցախն աղետի գոտուց կվերածվի համակենտրոնացման ճամբարի. - «Միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների ուշացումը օր օրի մոտեցնում է անդառնալիության կետը»։
Մեկ շաբաթ առաջ նախագահական նստավայրի դիմաց վրանում նստացույցի հայտարարած Արայիկ Հարությունյանը երեկ երեկոյան առցանց ասուլիս է հրավիրել սփյուռքի ու միջազգային լրատվամիջոցների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահը նստացույց է սկսում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակումԱրցախի պաշարման հետևանքնով բոլոր ոլորտները ծանր ճգնաժամի մեջ են։ Գազ, հոսանք, տրանսպորտ, սնունդ չկա, մարդիկ են մահանում. - «Արդեն արձանագրվում են շրջափակման ուղղակի ու անուղղակի հետևանքով մարդկային մահեր՝ նորածին երեխաներից մինչև տարեց քրոնիկ հիվանդներ»:
Ստրասբուրգի ու Հաագայի դատարանները Լաչինի միջանցքը բացելու որոշումներ ունեն, բայց Ադրբեջանը այդ պահանջները ոչ միայն անտեսում է, այլև ընդլայնում ու խորացնում է շրջափակումն ու ռազմական սպառնալիքները, արձանագրում է Արցախի նախագահը։ Նպատակը, ըստ նրա, Արցախում ապրելու անտանելի պայմաններ ստեղծելն է ու «ձերբազատվել Արցախի ժողովրդից՝ իրականացնելով Արցախի ամբողջական էթնիկ զտում և ուժի միջոցով փակելով հակամարտության էջը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր փետրվարի 22-ի որոշումըՄԻԵԴ որոշումը Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել ծանր հիվանդների տեղաշարժը Լաչինի միջանցքովՍա, ըստ Արայիկ Հարությունյանի, նաև ճնշում է Հայաստանի վրա՝ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով ճանապարհ ձեռք բերելու նպատակով։ Արցախի տոտալ շրջափակումը ցեղասպանություն է և այն կանխելը միջազգային հանրության պարտավորությունն է։ Արցախի նախագահը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցության միջազգային որևէ ձևաչափով. - «Բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ ուժ կամ ուժի սպառնալիք չի կիրառվի»:
Ըստ Հարությունյանի, բանակցություն սկսելու համար նվազագույն նախադրյալներ են պետք, և դա շրջափակման դադարեցումն է, մարդկանց տառապանքը թեթևացնելը. - «Արցախն այժմ աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ հումանիտար օգնության ու միջազգային ներկայության»:
Նախագահ Հարությունյանը քայլեր է ակնկալում Ռուսաստանից, որ վերջինս կատարի անվտանգության երաշխավորի պարտավորությունները, Հայաստանից՝ որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարություն չանեն, ՄԱԿ-ի տարբեր կառույցներից՝ որ Արցախի ժողովրդին տեղում հրատապ օգնություն տրամադրեն։
Արցախի նախագահը անընդունելի է համարում, որ ցեղասպանության կանխարգելման պարտավորություն ունեցողները միայն կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու կոչեր անեն։