«Ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են կայունացնող դեր կատարել Լեռնային Ղարաբաղում։ Նրանց գլխավոր գործառույթը մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանությունն է», - այսօր Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի՝ անցած շաբաթ հնչեցրած հայտարարությունները։
Թուրքիայի ղեկավարը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հույս էր հայտնել, որ ռուսաստանցի խաղաղապահները 2025 թվականին կհեռանան Լեռնային Ղարաբաղից։
«Հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը՝ խաղաղապահների գործունեությունն այժմ է՛լ ավելի պահանջված է», - հակադարձել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։
«Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային ուժերի՝ այդ թվում Թուրքիայի շահերից։ Այդ առթիվ մենք ընդգծում ենք այն կարևոր համագործակցությունը, որ ծավալվում է մեր թուրք գործընկերների հետ Աղդամում գտնվող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում», - հայտարարել է Մարիա Զախարովան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան․ «2025 թվականին ռուս խաղաղապահները կլքեն Ղարաբաղը»