Սովահարությունը որպես բանակցային մարտավարություն օգտագործելը չպետք է նորմալացվի. հայաստանյան 15 հասարակական կազմակերպություններին անհանգստացրել է Փաշինյան-Ալիև բրյուսելյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որտեղ նա կարևորեց Ադրբեջանի տարածքով՝ Աղդամով Արցախ հումանիտար մատակարարումները։ Միջազգային հանրությանը հորդորել են առաջնահերթություն տալ Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ուղղված ջանքերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միշելը կարևորում է հումանիտար մատակարարումները և՛ Լաչինով, և՛ Աղդամով, վերահաստատում ԵՄ աջակցությունը Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ևս միացել է հայտարարությանը, գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասում է՝ իրենք ուզում են միջազգային դերակատարներին ցույց տալ՝ Լաչինի միջանցքն այլընտրանք չունի, քանի որ Ադրբեջանը Ադդամը որպես հումանիտար միջանցք է առաջարկում էթնիկ զտումների ու անօրինական շրջափակման իր քաղաքականությունից շեղելու համար։ Աղդամի ճանապարհի շահագործումն ակամա կաջակցի այս քաղաքականությանը, զգուշացնում է հայաստանյան քաղհասարակությունը, որը բավարար ճնշում չի տեսնում օրեցօր ավելի հանդուգն դարձող Ալիևի վրա։
«Այնպիսի տպավորություն է, որ Աղդամի ճանապարհի բացումը առաջարկվում է որպես հնարավոր տարբերակ Լաչինին փոխարինելու համար՝ հաշվի առնելով հավանաբար այն հանգամանքը, որ Ադրբեջանը որոշել է սովի մատնել Արցախի բնակիչներին, իսկ մյուս կողմից էլ փորձում է հումանիտար ծրագիր առաջարկել, որ Աղդամի ճանապարհը բացվի, դա կարծես միջազգային հանրության համար բավականին ականջահաճո առաջարկություն է, որ ինտեգրի իր հասարակության մեջ: Եվ տեսնելով, որ Արցախի բնակչությունը դիմադրում է, նա առաջարկում է նաև միջազգային հանրության միջոցով այդպիսի ճանապարհներ՝ ըստ էության շեղելով միջազգային հանրության ուշադրությունը բուն խնդրից, որն է՝ իր կողմից այդ էթնիկ զտման քաղաքականությունը և սովահար անելու միտումը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Այվազյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախցիները չեն ընդունում Աղդամ- Ստեփանակերտ ճանապարհից օգտվելու Բաքվի առաջարկըՍոնա Այվազյանը ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունը հնարավոր է՝ չի կարողացել դիմադրել Աղդամի տարբերակին. - «Նաև այն պատճառով, որ չստացվի, որ մենք պնդում ենք, որ պետք չէ այդ միջանցքը բացել, և համաձայն ենք, որ Արցախի ժողովուրդը սովահար լինի. նրանք, ենթադրում եմ, այդ պատճառով են համաձայնել: Բայց դա շատ անընդունելի է: Աղդամի ճանապարհը միգուցե ինչ-որ պահի նաև բացվի, բայց երբևէ չի կարող լինել այլընտրանք Լաչինի միջանցքի համար: Ի վերջո, այնտեղ սովի խնդիր միայն չի և միայն կշտանալու խնդիր չի՝ բացի հաց ուտելը նրանք նաև ունեն հոգևոր պահանջմունքներ, նրանք ըմբոստանում են և չեն ենթարկվում՝ ելնելով նրանից, որ չեն կարող ունենալ այդ շփումները, չեն կարող դուրսուներս անել»:
Արցախի իշխանական շրջանակներից մերժում են Աղդամով հումանիտար օգնություն ստանալու Բաքվի առաջարկը, պարզ չէ՝ ինչպես է Ալիևի հետ բրյուսելյան վերջին բանակցություններում այդ տարբերակին արձագանքել վարչապետ Փաշինյանը։