Տիկին Ջուլիետան չզարմացավ, երբ իր փողոցի եզրաքարերը, որ իր կարծիքով լավ վիճակում էին, քանդեցին ու նորն այդպես էլ չսարքեցին։ Ենթադրում է, որ քաղաքային իշխանության փողը, ինչպես միշտ, շուտ սպառվեց. - «Ամեն մեկը մտածում ա ոնց անեմ, քանի էստեղ եմ, մի քիչ փող աշխատեմ»։
Մեկ այլ երևանցի՝ Վաչիկ Ստեփանյանը շուրջն է նայում ու ոչ մի վատ բան չի տեսնում. - «Դրախտային է Երևանը։ Քաղաքի ամեն ինչը լավ ա, տրանսպորտը գերազանց ա»։
Շուրջ երկու ամսից Երևանը կընտրի իր 14-րդ քաղաքապետին։ Սեպտեմբերի 17-ին ավագանու ընտրություններ են նշանակված։ Օգոստոսի 23-ից էլ Երևանը կհեղեղվի նախընտրական պաստառներով ու խոստումներով։ Բակային երթերում թեկնածուները երևանցիներին սեր կխոստովանեն ու հույսեր կտան։ Քարոզը կավարտվի սեպտեմբերի 15-ի կեսգիշերին։
Տիկին Սուսաննան ոչ թե թեկնածուների քարոզին է սպասում, այլ 53 համարի ավտոբուսին. - «Կես ժամը մեկ ա գալիս տրանսպորտը, անչափ վատ ա աշխատում»։
«Ես նոր եմ եկել Երևան, դեռ մենակ տրանսպորտի խնդիրն ա իմ համար», - ասում է Անի Ենոքյանը։
Անին վերջերս է Վայքից մայրաքաղաք եկել։ Սկսնակ երևանցու դիտարկմամբ ՝ տրանսպորտը գլխավոր խնդիրն է, երկրորդ «պատվավոր» տեղում աղբամաններում կուտակված աղբն է, փողոցների կեղտն ու վտանգավոր գազերով հագեցած փոշին օդում։
«Մարդիկ էլ են մեղավոր», - ասում է 20-ամյա Ինգան, ով պարանոցին գայլ է դաջել , իր խոսքով՝ որպես պայքարի խորհրդանիշ։ Անհաջող վարքով աչքի ընկնող մարդիկ են փչացնում քաղաքն ու Ինգայի տրամադրությունը. - «Մարդկանց ագրեսիվ պահվածքը։ Որ փնթի են ապրում...»
Արմինե Սիմոնյանին Երևանում ամեն ինչ դուր է գալիս. - «Բողոքող մարդը միշտ էլ մի բան կգտնի բողոքելու համար»։
Փողոցային առևտուր։ Սիլվա Սուքիասյանը սա փնթիություն է որակում ու դրա դեմ պայքարը համարում հրատապ։
Լարիսա Հուաննյանը գուլպա է վաճառում փողոցում։ Ճիշտ է, թաղապետարանը մի 3 միլիոնի գուլպա է առգրավել նրանից, բայց տիկին Լարիսան դեռ ապրանք ունի։ Նա, բնականաբար, փողոցային առևտուր քաղաքի խնդիրների ցանկում չէր նշի, փոխարենը մեկ այլ հարց է բարձրացնում՝ երևանցիները հոգեբանական վատ վիճակում են, իրենից գնումներ անելիս հասկացել է՝ դեպրեսիվ են. - «Մի բան որ առնում են, շատ երկար սկսում են խոսալ իրենց կյանքից, իրանց հիվանդություններից, իրանց փող չունենալուց...»
Երևանցիների մի մասին դուր չեն գալիս թափառող շները, կան նաև մարդիկ, որ խոսում են փոքրիկ, բայց կծող խնդիրների՝ մոծակների մասին։
Այս ու բազմաթիվ այլ հարցերի կպատասխանեն ավագանու թեկնածուները քարոզարշավի ընթացքում։ Ովքե՞ր են մասնակցելու այս ընտրություններին՝ պարզ կդառանա օգոստոսի 3-ից։ Կուսակցություններն ու դաշինքները այդ օրվանից 10 օր ունեն իրենց ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով տանելու համար։ Այս պահին հայտնի է այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, «Ապրելու երկրինը»՝ Մանե Թանդիլյանը։
Մինչև այժմ Արգիշտի 1 հասցե` քաղաքապետաան մտնելու ցանկություն են հայտնել նաև Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը , «Ուժը հայրենյաց» կուսակցության հիմնադիր Տիգրան Արզաքանցյանի տիկինը՝ Ռոտենբերգը և էլի անուններ։
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերադառնալու ցանկության մասին լուրեր շրջանառվում են, ինքը դեռ չի խոսել։ Պարզ չէ, թե արդյոք խորհրդարանական ընդդիմությունը կմասնակցի քաղաքային իշխանության համար պայքարին։