Մատչելիության հղումներ

«Երիտասարդական պալատ»-ի հողամասերն օտարելու հարցով քրեական վարույթ է նախաձեռնվել


«Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված հողամասն օտարվել է շուկայական արժեքից մոտ 4.4 միլիարդ դրամով պակաս, հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ տեղեկացնելով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատախազությունը որոշ մանրամասներ է ներկայացնում՝ նշելով, որ 2004 թվականի հունվարի 16-ին Երևանի քաղաքապետը, օրենքի խախտումներով, պետական սեփականություն հանդիսացող՝ նախկին «Երիտասարդական պալատ» ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված Սարալանջի 1 հասցեում գտնվող 31780,0 քմ մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը 805 մլն 623 հազար դրամ է, իսկ շուկայականին մոտարկված արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքից էականորեն պակաս գնով՝ 62 մլն 973 հազար 405 դրամով օտարել է «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դատախազությունը նաև նշում է, որ վաճառքի միջոցով 2011 թվականին «Ավանգարդ Մոթորս»-ին կադաստրային արժեքով օտարվել են նաև Սարալանջի 1 հասցեում գտնվող 53.0 քմ և 4854.86 քմ մակերեսներով հողամասերը, մինչդեռ դրանցից 53.0 քմ մակերեսով հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ենթակա չի եղել օտարման:

Այս տարվա ապրիլի 20-ին դատախազի կողմից առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, երկու օր անց Կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով:

Այսօր Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան։

2003-ից մինչև 2009 թվականի մայիսը Երևանը ղեկավարել է Երվանդ Զախարյանը։ Նա տարբեր տարիների եղել է նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, ղեկավարել է Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։

Զախարյանի դեմ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) 2019-ին քրեական գործ էր հարուցել՝ ապօրինի որոշմամբ 2008-ին «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր հողատարածքը օտարելու փաստով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG