Բրյուսելում այսօր կայացավ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը: Հյուրընկալող Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգով 2 ժամ 45 րոպե է տևել։
Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների հարցերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ:
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Բրյուսելում Ալիև-Փաշինյան-Միշել բանակցությունների ընթացքում քննարկվել է այդ թվում «Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերումը և ապօրինի կազմավորումների զինաթափումը»։
«Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունների շարունակման, սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերման և ապօրինի կազմավորումների զինաթափման շուրջ», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքու. Բրյուսելում քննարկվել է «հայկական զորամասերի դուրսբերումը և զինաթափումը»Եռակողմ հանդիպման մեկնարկից կես ժամ առաջ հայտարարություն տարածեց Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Այստեղ հիշեցում կա և նոր առաջարկ.
«2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի դրությունը»։
Մոսկվան պնդում է՝ այս պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Այդ փաստաթղթի անբաժանելի մասը պետք է դառնան Ղարաբաղում ապրողների իրավունքների և անվտանգության հուսալի ու հստակ երաշխիքները:
«Պատրաստ ենք առաջիկայում արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպել ՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողով Մոսկվայում՝ վերոնշյալ փաստաթուղթը ստորագրելու համար», - ասված է հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ԱԳՆ. Խաղաղության պայմանագրի անբաժանելի մասը պետք է դառնան ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքները
Բրյուսելյան եռակողմ հանդիպումից առաջ Եվրոպական [որհրդի նախագահի հետ առանձին հանդիպել էին թե՛ Հայաստանի ու թե՛ Ադրբեջանի ղեկավարները։ Ալիևը՝ երեկ, Փաշինյանն՝ այսօր, նա Արցախի նախագահի նամակն է փոխանցել Շառլ Միշելին։ Կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ գրել են՝ «Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով»։ Տարածված կարճ տեսանյութում լսվում են Փաշինյանի բառերը նամակը փոխանցելիս. - «Ապացույց ունեմ, որ հանձնել եմ Ձեզ»:
Պաշտոնական Ստեփանակերտն ավելի վաղ հրապարակել էր նամակի բովանդակությունը.
«Ես, որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ, Արցախի իշխանության և ժողովրդի անունից այս հրատապ դիմումով ահազանգում եմ միջազգային հանրությանը Արցախում ձևավորված ու խորացող անվտանգային ու հումանիտար ճգնաժամի մասին, որն արագորեն վերածվում է աղետի: Այս վիճակը ձևավորվել է Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով:
120 հազար մարդ շրջափակման մեջ է, արցախցիների տեղաշարժը Լաչինի միջանցքով արգելված է։ Ադրբեջանը խափանել է արցախցիների էներգամատակարարումը, անջատել գազը։ Խանութներում այլևս մթերք չկա։ 2 հազար հղիներ ու շուրջ 30 հազար երեխաներ թերսնված են», -այս ամենի մասին է տեղեկացրել Արայիկ Հարությունյանը Շառլ Միշելին ու նաև միջազհային հանրության այլ դերակատարներին:
Առկա իրավիճակը պայթյունավտանգ է և հղի շատ կարճ ժամկետում վերածվելու իրական աղետի ոչ միայն Արցախի ժողովրդի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար:
Արցախի նախագահը պահանջում է ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում կիրառել հրատապ քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ իրագործվող զանգվածային հանցագործությունները և ահաբեկչությունը։
Բաքուն մինչև այժմ միջանցքը հայկական երթևեկության համար բացելու որևէ քայլ չի արել, փոխարենը՝ արդեն երկրորդ անգամ Ադրբեջանի արտգործնախարարն Արցախում ապրողներին Լաչինի միջանցքին որպես այլընտրանք առաջարկում է օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից, այսինքն՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ Ադրբեջանից բերել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանն ու Միշելը քննարկել են այսօր նախատեսված հանդիպման, նախորդ հանդիպումներում պայմանավորվածությունների կատարման հարցերԲրյուսելում հանդիպել են Ալիևը և Միշելը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վիճակն օրհասական է, ամեն հաջորդ օրն՝ ավելի ծանր». բազմամարդ հանրահավաք՝ Լեռնային Ղարաբաղում