ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է լուրերը, թե ընդդիմության վերջին «բազմամարդ» հանրահավաքից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ տարաձայնություններ է ունեցել և այդ պատճառով էլ լքել է երկիրը Ամանորին, մեկնել Դուբայ։
Նա հերյուրանք ու զրպարտություն համարեց այդ լուրերը, Դուբայ այցի մասին ասաց, որ մի քանի օր է դա տևել։
«Թիմում քաղաքական տարաձայնություններ եղել են, շատ լուրջ, էական տարաձայնություններ չկան, մարտավարության, առաջիկա անելիքների հետ կապված տարբեր մոտեցումներ կան», - նշեց նա «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում։
«Կա իշխանություն, որի տեսակետները և սկզբունքները ամբողջությամբ համահունչ են Թուրքիայից և Ադրբեջանից հնչող տեսակետներին»
«Այն տեսակետը, որ ՀՀ իշխանության ղեկին հայտնված խումբն ասում է՝ ճար չկա, ելք չկա, պետք է ընդունենք թշնամու պահանջները, ինքնակործանման և ինքնաոչնչացման ճանապարհ է», - ասաց ընդդիմադիր գործիչը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը չի կարծում, որ կա միջազգային կոնսենսուս՝ Արցախը ցեղասպանության և էթնիկ զտման ենթարկելու և ընդհանրապես հայկական պետականությունը ոչնչացնելու շուրջ։
«Կա իշխանություն, որի տեսակետները և սկզբունքները ամբողջությամբ համահունչ են Թուրքիայից և Ադրբեջանից հնչող տեսակետներին», - ասաց նա, միաժամանակ հավելեց, որ հաճախ նաև երկակի ստանդարտների կիրառում է նկատվում միջազգային հանրության կողմից, բայց սրան բերել, հասցրել է իշխանությունների վարած քաղաքականությունը, որը «խաղաղության օրակարգի տակ ժողովրդին տանում է նոր կոտորածի»։
Ընդդիմության առաջարկած երեք քայլերը
Հարցին, թե ինչ ելք կա, նա նշեց երեք քայլ. - «Առաջինը՝ կազմակերպել երկրի պաշտպանությունը, ունենալ հայեցակարգ, ռազմավարություն, ինչը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն կարող անել. նրանք պարտության խորհրդանիշ են, երկրորդ՝ բանակցությունների սեղան բերել հայկական օրակարգ, որի մեխը պետք է լինի Արցախի կարգավիճակի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը, որը Նիկոլ Փաշինյանը մսխել և ոչնչացրել է, և երրորդը՝ նոր որակի արտաքին քաղաքականություն ու նոր հարաբերություններ դաշնակիցների հետ»։
Հայաստանի Հանրապետությունը պետք է վերականգնի Արցախի անվտանգության երաշխավորի իր սահմանադրական իրավունքը և տեր կանգնի Արցախի ինքնորոշման իրավունքին ու սրանից բխեցնի իր մնացած քայլերը, շեշտեց Իշխան Սաղաթելյանը։ Նա նկատեց՝ վարչապետ Փաշինյանը հրաժարվել է դրանից, ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք։
Ընդդիմադիր պատգամավորը համաձայն է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, որ բանակցողի փոխվելու դեպքում հնարավոր է փոխել նաև բանակցությունների ուղղությունը։ Ինչ վերաբերում է իշխանության մեղադրանքներին, թե ժամանակ ունեցել են բանակցելու նախկինում, ինչո՞ւ չեն արել, նա ասաց. - «Բանակցել են, ունեցել ենք կայունություն, անկախ Արցախ, և որևէ պարագայում չի քննարկվել հարցը, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օսկանյանը Փաշինյանին հորդորում է Բրյուսելում բարձրացնել սովետական շրջանում Արցախի ինքնավար մարզի կարգավիճակ ունենալու հարցըԻրական դաշնակիցներ, կարծում է, որ Հայաստանն ունի։
«Երբ ասում ես՝ Արցախը ճանաչում եմ Ադրբեջանի կազմում, դրանից հետո ցանկացած հայտարարություն երեսպաշտություն է»
Իշխան Սաղաթելյանը նշեց՝ բավարարված չէ ռուս խաղաղապահների գործունեությամբ, սակայն նրանց այլընտրանք այս պահին, կարծում է, չկա, նրանց մանդատի հարցը պետք է լուծվի, և այն երկարաձգվի. -«Եթե Էրդողանն ու Ալիևը պնդում են, որ ռուս խաղաղապահները պետք է հեռանան, նշանակում է, որ նրանք պատրաստվում են ցեղասպանության ենթարկել 120 հազար մարդու»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան․ «2025 թվականին ռուս խաղաղապահները կլքեն Ղարաբաղը»Պատգամավորը սուտ որակեց իշխանության պնդումները, թե ամեն ինչ անում են Արցախի փրկության համար. - «Երբ ասում ես՝ Արցախը ճանաչում եմ Ադրբեջանի կազմում, դրանից հետո ցանկացած հայտարարություն երեսպաշտություն է։
Հիմա բանակցում են անկլավների, Հայաստանից նոր տարածքներ վերցնելու շուրջ»։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ հասարակությունը ենթարկվում է քարոզչական ահաբեկչության իշխանության կողմից։
Խոսելով ընդդիմության քայլերից՝ նա ասաց, որ դուրս են եկել փողոց, պայքարել են, չի ստացվել, «պետք է անենք այնքան, ինչքան ստացվի», կոչ արեց չհամակերպվել, չհանձնվել և պայքարի ոգին չկորցնել։