Մատչելիության հղումներ

Օսկանյանը Փաշինյանին հորդորում է Բրյուսելում բարձրացնել սովետական շրջանում Արցախի ինքնավար մարզի կարգավիճակ ունենալու հարցը


Վաղը Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոնկրետ առաջարկ է արել վարչապետ Փաշինյանին, որը նրա համոզմամբ՝ թույլ կտա փոխել բանակցային տրամաբանությունն ու օրակարգը և Արցախի հարցում ավելի հայանպաստ լուծումների հնարավորություն կստեղծի։

Մասնավորապես՝ նախկին արտգործնախարարը հորդորում է Հայաստանի վարչապետի հենց Բրյուսելում՝ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հանդես գալ առաջարկով, համաձայն որի բանակցային օրակարգում անպայման պետք է տեղ գտնի նաև այն փաստը, որ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ։ Վարդան Օսկանյանը վստահեցնում է՝ առաջինը այս առաջարկը շատ լավ կհասկանա հենց Շառլ Միշելը, որը եղել է Բելգիայի վարչապետ, մի երկրի, որի ամբողջ պետական կառուցվածքը հիմնված է տարբեր համայնքերի հավասար իրավունքների հիման վրա։

«Այստեղ ես լրիվ քո տրամաբանության բառապաշարն եմ տալիս շարունակել՝ ասելով, որ համենայնդեպս ես՝ Փաշինյանս մնում եմ իմ նույն տեսակետին, որ ես պատրաստ եմ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե բանակցությունները գնան այնպիսի հունով, որ իրոք հիմք կստեղծի մեր երկու ժողովուրդների միջև արդար և կայուն խաղաղության, ուստի ես՝ Փաշինյանս, առաջարկում եմ, որ մեր բանակցային օրակարգում անպայման տեղ գտնի այն փաստն ու հանգամանքը, որ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ: Այդ օրակարգը բանակցային սեղան բերելն էապես փոխելու է ամբողջ բանակցային տրամաբանությունը և դա լինելու է առնվազն առավել հայանպաստ», - ասաց Օսկանյանը:

Նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ Արցախի հարցը սովորական արտաքին քաղաքականության խնդիր չէ։ Այն համազգային, էքզիստենցիալ հարց է և հետևաբար Փաշինյանը ոչ բարոյական և ոչ էլ իրավական առումով իրավունք չունի Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Նման փաստաթուղթ չստորագրելու այլընտրանքը կա, պնդում է Օսկանյանը, հորդորելով Փաշինյանին կանչել ու լսել իրեն կոնկրետ առաջարկներ անող անձանց։

«Դու Արցախ ես տալիս, Արցախը հանձնում ես Ադրբեջանին, դու նվիրում ես Արցախը, դու հայրենիք ես տալիս, դու Հայաստանի պատմական հողերն ես տալիս: Սա այն հարցը չէ, որ դու կարող ես արհամարհել ու չլսել, սա քո լիազորությունների մեջ չի մտնում, բարոյապես իրավունք չունես, որովհետև դու լավ գիտես, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին, համաձայն հարցումների, դեմ են՝ Արցախը ցանկացած կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում, ուստի միայն դրանից ելնելով, դու բարոյական իրավունք չունես գնաս նման փաստաթուղթ ստորագրել: Դու հակադրվում ես Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, դու հակասում ես հենց քո ընտրական և հետո քո կառավարության 5-ամյա ծրագրի մեջ տեղ գտած Ղարաբաղի հարցում սկզբունքային դիրքորոշումներին», - ընդգծեց նա:

«Եթե արձագանքելու կարիք լինի, ապա դա կլինի հրապարակային». Փաշինյանի մամուլի խոսնակ

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Փաշինյանին ուղղված նախկին արտգործնախարարի առաջարկին եթե արձագանքելու կարիք լինի, ապա դա կլինի հրապարակային։

Մինչ վարչապետ Փաշինյանը կարձագանքի Օսկանյանի առաջարկին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր մի շարք գնահատականներ տվեցին նախկին արտգործնախարարի առաջարկներին։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգսի Խանդանյանն անդրադառնալով Օսկանյանի ավելի վաղ արված այն առաջարկին, թե ինքը մի խումբ դիվանագետների հետ միասին կարող է 3 ամսում բեկում մտցնել բանակցային գործընթացում՝ պայմանով, որ Փաշինյանը պետք է լռի, ասաց, թե կա ընտրված վարչապետ, կա արտգործնախարար և նրանք այսօր բանակցում են խնդրի շուրջ։

«Պարբերաբար առաջ եկող այս էկզոտիկ գաղափարներին ես արդեն չգիտեմ ոնց վերաբերվեմ», - ասաց Խանդանյանը:

Իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր Լիլիթ Մինասյանն էլ անդրադառնալով Օսկանյանի նախօրեին հնչեցրած առաջարկին, թե Փաշինյանը պետք է Բրյուսելում բարձրացնի Խորհրդային միության ընթացքում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակ ունենալու հարցը, նախկին արտգործնախարարին հարց ուղղեց, թե ինչպե՞ս է այդ դեպքում Օսկանյանը միաժամանակ միանում «Հայաքվե»-ին։

Մի խումբ հանրային, մշակույթի գործիչներ, նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ ստորագրահավաք են նախաձեռնել՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու գործընթացը քրեականացնելու նպատակով։ Ստորագրահավաքին վերջերս միացել է նաև Վարդան Օսկանյանը:

«Պարոն Օսկանյանն այս անգամ բացում է փակագծերը, ասում է՝ «ես խնդրում եմ, որպեսզի պարոն Փաշինյանը բանակցային գործընթաց մտցնի ինքնավար մարզի գաղափարը», ներողություն եմ խնդրում, պարոն Օսկանյանն ուզում եմ հստակեցնի՝ ինքնավար մարզ ո՞ր պետության շրջանակներում», - նշեց Լիլիթ Մինասյանը:

Այսօր վարչապետ Փաշինյանը մեկնում է Բրյուսել։ Պատվիրակության կազմում են արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վաղն՝ օրվա առաջին կեսին, Փաշինյանը հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, իսկ արդեն Երևանի ժամանակով ժամը 15 -ին տեղի կունենա եռակողմ հանդիպումը՝ Փաշինյանի, Ալիևի և Միշելի մասնակցությամբ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG