Մատչելիության հղումներ

Միրզոյանը Լիսաբոնում կարևոր է ԼՂ հարցում միջազգային դերակատարների հստակ գործողությունները


Ադրբեջանի կողմից արդեն 7 ամսից ավելի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը չեն նպաստում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերին, Լիսաբոնում, Պորտուգալիայի արտգործնախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Արարատ Միրզոյանը շեշտել է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները կանխելու հրամայականը՝ կարևորելով միջազգային դերակատարների հստակ գործողությունները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է նաև Բաքվի կողմից առավելապաշտական նկրտումներից և հռետորաբանությունից, ագրեսիվ գործողություններից հրաժարվելու, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:

Արցախի պաշարման 215-րդ օրն է և մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին էլ թույլ չի տալիս որևէ բեռ անցկացնել Հակարիի իրենց անցակետով: Արցախում 120 հազար մարդ սովի սպառնալիքի տակ է։ Հուլիսի 11-ից էլ Ադրբեջանն ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ արգելելով նաև Ստեփանակերտից Երևան ծանր հիվանդներ տեղափոխող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը։

Միրզոյանն ու Կռավինյուն քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հարցեր՝ որպես հեռանկարային ուղղություններ մատնանշելով, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի ոլորտները, մտքեր են փոխանակել համատեղ ընթացիկ և նոր ծրագրերի կյանքի կոչման շուրջ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG