Վաղ առավոտից Լեռնային Ղարաբաղում բազմամարդ հանրահավաք է՝ ապաշրջափակման պահանջով։ Ստեփանակերտի հրապարակում հավաքված արցախցիներին դիմեց պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ վիճակն օրհասական է, ամեն հաջորդ օրն՝ ավելի ծանր, ավարտվում է վերջին դեղորայքը, մանկապարտեզներում սնունդ գրեթե չի տրվում, համայնքները մեկուսացման մեջ են. տրանսպորտի համար վառելիք չկա, շուտով չի աշխատելու շտապօգնության ծառայությունը։
Վերածննդի հրապարակի ամբիոնից Ներսիսյանը հարց ուղղեց Հայաստանին, Ռուսաստանին, միջազգային հանրությանը. «Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում: Ուզում եք այս հրապարակում մենք ամեն օր մարդկանց դիակներ ունենա՞նք, որ արձագանքեք։ Բավ է մեր ժողովրդի կյանքի հաշվին Արևմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը»:
Հրապարակում էին նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որոնք, սակայն, ելույթ չունեցան։
Հարությունյանն այսօր հրատապ միջոցների պահանջով նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին, Եվրոպական խորհրդի նախագահին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգ հնչեցրեց՝ սովի իրական սպառնալիք կա, մեկ ամիս է հումանիտար բեռներ չեն մտել Արցախ. «Մարդու իրավունքներ ասո՞ւմ եք։ Ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին և ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ, թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքն իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է, հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար»:
Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակ, ապա ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ օդանավակայանի տարածքում։
«Ռուս խաղաղապահներին ևս պետք է ներկայացվի Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետի ընթացքը դադարեցնելու պահանջ, խնդրանք, որից հետո մեր հանդիպումը կշարունակվի Վերածննդի հրապարակում՝ գրեթե ամենօրյա ռեժիմով», - հայտարարեց Գուրգեն Ներսիսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «120 հազար մարդ սովի սպառնալիքի տակ է». Ստեփանակերտի բնակիչ
Ցուցարարները վրաններ տեղադրեցին խաղաղապահների գրասենյակի մոտ, նաև Ստեփանակերտի կենտրոնում
Խաղաղապահների հետ բանակցությունների ավարտին պետնախարար Ներսիսյանը տեղեկացրեց՝ ռուսական կողմն ընդունել է, որ անելիք ունեն. - «Հաշվի առնելով նաև մեր ժողովրդի հիմնավոր պահանջը և մեր հետագա բոլոր քայլերը՝ պարտավորվել են ամենօրյա, ամենժամյա ռեժիմով տեղեկությունը փոխանցել Ռուսաստանի Դաշնություն և պարտավորվեն ընդունել, որ իրենք ունեն աշխատանք անելու՝ իրավիճակն անհապաղ կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ»։
Մի խումբ ցուցարարներ վրաններ տեղադրեցին խաղաղապահների գրասենյակի մոտ, վրանային ավան է ստեղծվել նաև Ստեփանակերտի կենտրոնում, ցույցն անժամկետ է. - «Որպեսզի մենք ոչ թե խոսենք Արցախը լքելու, Արցախի բնակչությանն ինչ-որ հումանիտար միջանցք տալու և Արցախից դուրս գալու մասին, այլ բացարձակ մոռանանք նման անհեթեթ, հիմար և տարբեր տեղերից ներդրված մտքերը»:
Եվ մինչ ցուցարարները կհասնեին Կարմիր խաչի գրասենյակի մոտ, Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարին ընդունել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հայտարարելով, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնության հնարավորությունը։
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա Ադրբեջանը հնարավոր է համարում միայն անցումը բժշկական նպատակներով՝ այն էլ Կարմիր խաչի միջնորդությամբ և անցակետի կանոնների պահպանմամբ։ Ընդ որում, ըստ Բաքվի, հանդիպմանը քննարկվել է նաև Ստեփանակերտում միջազգային կառույցի գործունեությունը վերաբերող հարցեր:
Արցախը շրջափակված է 7 ամսից ավելի, վերջին մեկ ամսում Ադրբեջանն արգելել է նաև սննդի, դեղորայքի ու վառելիքի փոխադրումը Հայաստանից՝ պատճառաբանելով Հակարի կամրջի վրա միջադեպը, երբ ադրբեջանցիները փորձել էին դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում, իսկ հայկական կողմը կրակոցներով կանխել էր։
Չորրորդ օրն է՝ նաև Կարմիր խաչը չի կարողանում հրատապ բուժօգնութան կարիք ունեցող արցախցիներին Հայաստան բերել, ապաքինվածներին էլ տուն վերադարձնել. Բաքուն պնդում է, թե հայերը միջազգային կառույցի մեքենաներով մաքսանենգ ապրանք են տեղափոխում՝ ծխախոտ, բջջային հեռախոս։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը դարձյալ ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը