Սամվել Բաբայանը Ստեփանակերտ - Բաքու ուղիղ բանակցությունների կողմնակից է

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համոզմամբ՝ առաջին հերթին պետք է սկսվեն Ստեփանակերտ - Բաքու ուղղակի բանակցություններ, «փորձել վստահություն ձևավորել, փորձել տարբեր հարցերի շուրջ գալ համաձայնության, և ժողովուրդը ապրի հանգիստ, նորմալ»: «Դրանից հետո նոր արդեն կանցնենք երկրորդ փուլին՝ կարգավիճակ և այլն, և այլն, և այլն՝ մնացած բոլոր այն խնդիրները, որը որ կա», - ասաց Բաբայանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:

«Եթե մենք չենք գնում այդ ճանապարհով, և փոխվստահություն չի լինում, ես Ձեզ վստահեցնում եմ՝ 30 տարի բանակցել ենք՝ ոչնչի չենք հասել, և 30 էլ բանակցելու ենք՝ էլի չենք հասնելու, որովհետև Ադրբեջանը ինչքան էլ սեղմի այդ բանը, որ շուտ, արագ արդյունքներ ունենա և դուրս բերի Ռուսաստանն այստեղից՝ իր նպատակը գլխավոր, չի ստացվելու, եթե փոխվստահություն մենք իրար հանդեպ չենք ձևավորում», - ընդգծեց Արցախի պաշտպանության նախկին նախարարը:

Նա համաձայն չէ այն պնդմանը, թե Ադրբեջանը դեմ է ցանկացած բանակցությունների, «քանի որ այս վերջերը ԱՄՆ-ի առաջարկով պետք է լիներ բանակցություններ, արցախյան կողմը հրաժարվեց այդ բանակցություններից, այսինքն՝ ինչ-որ ձևի այդ բանակցությունները այսպես թե այնպես լինում է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատրաստ եմ սատանայի հետ էլ բանակցել՝ հանուն իմ ժողովրդի». Սամվել Բաբայան

Բաբայանը նաև չի կարծում, թե ադրբեջանցիները դեմ չեն լինի, եթե երրորդ կողմը լինի Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը, «հենց ճիշտ հակառակը՝ իրենք համարում են, որ անմիջապես երկկողմանի հարաբերվենք իրար հետ՝ սա է իրենց գլխավոր նպատակը»: «Ես՝ որպես քաղաքական երկրորդ ուժ, դեմ չեմ՝ անմիջապես բանակցություններ, բայց առաջին հերթին պետք է մենք ձևավորենք այն փաստաթուղթը՝ ինչ կետերի շուրջ ենք բանակցելու, փոխվստահություն ներշնչելու իրար նկատմամբ, նոր միայն անցնել մնացած խնդիրներին», - ընդգծեց արցախցի գործիչը:

Հարցին՝ «ցանկացած բանակցային ձևաչափ՝ լինի միջազգային թե պարզապես երկկողմ, անմիջական, ուղիղ, առանց միջնորդության, Ադրբեջանը պահանջելու է լուծարել Պաշտպանության բանակը, որը ադրբեջանցիները համարում են ապօրինի, հայաստանյան ուժեր նույնիսկ, և պահանջելու են նաև, որ Լեռնային Ղարաբաղը ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, այսինքն՝ ինտեգրացիա, և կառավարության ինստիտուտների ապամոնտաժում», ի՞նչ ելք է տեսնում, Բաբայանն արձագանքեց. - «Առաջին հերթին, ես տեսնում եմ, որ մենք տարբեր ձև ենք մոտենում հարցին: Ես չգիտեմ՝ Ադրբեջանը իրո՞ք այդ դիրքորոշումն ունի, թե՞ ինչ դիրքորոշում ունի: Ես առաջարկում եմ խոսել փաթեթով, այսինքն՝ նշել այն բոլոր կետերը, որը կողմերիս հետաքրքրության գոտին է, փոխվստահություն ձեռք բերենք իրար նկատմամբ, ասենք՝ հետ քաշի իր զորքերը, կանաչ գոտի ստեղծի, և այլն, կարող ենք ժամերով խոսել դրա մասին: Ի՞նչ ենք ուզում, ո՞նց ենք պատկերացնում, ասենք՝ էդ նույն իր կողմից նշված հարցերը՝ ո՞նց են իրենք պատկերացնում, եթե Շուշիում զորքերը տեղակայվել են, ռազմական շքերթ է անցկացնում ու ավտոմատը դնում գլխիդ, ասում է՝ «դու պիտի զինաթափվես», պարզ չի՞, որ դու տանում ես պատերազմի նորից»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոչ մի միջանցք չենք կարա տանք»․ Սամվել Բաբայան

«Դրա համար պետք է մենք, Արցախը՝ իր քաղաքական ուժերի հետ, ստեղծի մի փաստաթուղթ, առաջարկի Ադրբեջանին, Ադրբեջանը այդ փաստաթուղթը ուսումնասիրելուց հետո առաջարկի ի՛ր տարբերակը, որտեղ որ ոչ թե կարգավիճակ, ապագա, Ղարաբաղի հարց, բան, և այլն, ո՛չ, փոխվստահություն բառակապակցությունը ես իզուր չեմ օգտագործում, այսինքն՝ այդ քայլերով մենք իրար վստահում ենք, սկսում ենք նոր փուլ՝ երկրորդ փուլ, որտեղ արդեն և՛ կարգավիճակ, և՛ մյուս, մյուս բոլոր խնդիրները», - ասաց Սամվել Բաբայանը:

«Այսինքն՝ եթե առաջին հարցում մենք իրար չենք հասկանում, այլևս դադարում են բանակցությունները, և շարունակում ենք խրամատավորվել», - ամփոփեց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 2-ի թողարկումը կարող եք դիտել այստեղ.