Վաշինգտոնում ընթացող ինտենսիվ բանակցություններին զուգահեռ Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց`հունիսի 27-ի ադրբեջանական սադրանքի «նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելու նպատակ ունեն»։ Ցավակցություն հայտնելով Արցախի պաշտպանության բանակի 4 զինծառայողների մահվան կապակցությամբ՝ վարչապետն ընդգծեց՝ Ադրբեջանն այդ սադրանքը տեղեկատվական գրոհներով երկար ժամանակ էր նախապատրաստում։
Արցախի ռազմական գերատեսչությունը նախօրեին տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը հրետանային միջոցներից կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել նաև անօդաչու թռչող սարքեր, որի հետևանքով 4 զինծառայող է զոհվել:
«Վերադառնալով հունիսի 27-ի սադրանքին, պիտի ընդգծեմ, որ դրա նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելու նպատակ ունեն։ Այս օրերին Հայաստանի պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի գլխավորուրթյամբ, Վաշինգտոնում շարունակում է բանակցությունները Ադրբեջանի պատվիրակության հետ ՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ։ Մեր տարածաշրջանում խաղաղությունը այլընտրանք չունի, և մեր կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների ու բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը», - հայտարարեց նա։
Մենք շատ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստների կապակցությամբ. Պատել
Չնայած Արցախում ստեղծված լարված իրավիճակին և բանակցությունները դադարեցնելու՝ Ստեփանակերտից հնչող կոչերին, Վաշինգտոնում Միրզոյան - Բայրամով քննարկումները շարունակվում են։ Ժամեր առաջ ճեպազրույցում այս մասին խոսել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք շատ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստների կապակցությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին: Այս միջադեպն ընդգծում է բախումներից խուսափելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կայուն խաղաղության կարևորությունը։ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել կողմերին հասնել այդ նպատակին», - հայտարարել է Պատելը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կառուցողական է որակել հունիսի 27-ին Էնթոնի Բլինքենի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ այսօր Երևանի ժամանակով ժամը 22:30 տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների փակման նիստը, որին կրկին կմասնակցի պետքարտուղար Բլինքենը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արցախում բախումները չեն հանգեցրել Վաշինգտոնում Միրզոյան - Բայրամով բանակցությունների դադարեցմանըՎաշինգտոնի բանակցություններն ուղեկցվում են կրակոցներով ու զոհերով. Ստեփանակերտից պահանջում են դադարեցնել դրանքԱրցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմում 4 զինծառայող է զոհվելՄինչ այդ, երեկ Միրզոյանին և Բայրամովին է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ կոչ անելով առաջ շարժվել դեպի խաղաղություն:
Հանդիպումից հետո ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան թվիթերյան գրառմամբ կողմերին հորդորել է զերծ մնալ սադրանքներից։ «Ուրախ էինք այսօր Սպիտակ տանը միասին հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Ես կոչ արեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջ շարժվել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից և թուլացնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար», - գրել է Սալիվանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում է, որ Սալիվանի հետ հանդիպմանը նախարարը խոսել է Արցախում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին։ Արարատ Միրզոյանը նույնպես նշել է, որ Ադրբեջանի նման գործողությունները միտված են խաթարել բանակցային գործընթացին ուղղված ջանքերը։
«Այդ գործողությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր խափանումներին զուգահեռ, ինչը միտված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների պատշաճ հասցեագրմանը՝ Միրզոյանը նաև խոսել է Ալմա-Աթայի հռչակագրի ու 1975 թվականի քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում որոշակիություն ապահովելու և զորքերը հետ քաշելու կարևորության մասին:
Հայաստանի արտգործնախարարը կրկին շեշտել է՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքները պահպանելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սալիվանը Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խուսափել սադրանքներից և թուլացնել լարվածությունըՎաշինգտոնում կայացել է Միրզոյան-Բայրամով-Սալիվան եռակողմ հանդիպումըԱդրբեջանի արտգործնախարարությունն էլ, իր հերթին, Սալիվանի հետ հանդիպմանը հայկական կողմին մեղադրել է խաղաղության հաստատմանը խոչընդոտելու համար՝ կրկին պնդելով, թե Հայաստանը դուրս չի բերում զորքերը Լեռնային Ղարաբաղից։ Երևանը բազմիցս հերքել է Բաքվի այս պնդումը։