Լուկաշենկո․ «Վագներականների ռազմական փորձը մեր բանակի համար կարող է անգին լինել»

Հունիսի 24-ի խռովությունից հետո Բելառուս տեղափոխվող վագներականները կարող են համագործակցել տեղի զինված ուժերի հետ։ Երեքշաբթի օրը Մինսկում նման հեռանկարը չբացառեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Հիմա շատ խոսակցություններ կան` «Վագներ», «Վագներ»։ Մարդիկ չեն հասկանում, որ մեր մոտեցումն այս հարցում պրագմատիկ է։ Վատ չի լինի, եթե գրոհային ջոկատների կազմում առաջնագծում կռված «Վագներ»-ի հրամանատարները գան Բելառուս և պատմեն, թե ինչն է այժմ կարևոր [ռազմի դաշտում]: Պուտինն, օրինակ, ինձ պատմում էր, որ այժմ շատ կարևոր է հրետանային համակարգերի դեմ պայքարը, առանց դրա պատերազմ վարելն ուղղակի անհնարին է։ Վատ չի լինի, եթե այդ հրամանատարները մեզ պատմեն դրա մասին, պատմեն անօդաչու սարքերի, սպառազինության մասին՝ որ զենքն էր իրեն լավ դրսևորում, որը՝ ոչ։ Մենք [«Վագներ»-ի հրամանատարներին] հստակ կերպով պետք է խնդրենք, որ նրանք զորավարժարաններում հանդիպեն մեր հրամանատարների հետ, պատմեն նրանց մարտավարության ու զենքերի մասին, պատմեն, թե ինչպես են պաշտպանվում ու հարձակվում։ Դա անգին փորձ է, և մենք այն վագներականներից պետք է վերցնենք», - դիմելով Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինին՝ հայտարարում էր Ալեքսանդր Լուկաշենկոն։

Դրա հետ մեկտեղ, Բելառուսի նախագահի խոսքից պարզ էր դառնում, որ պաշտոնական Մինսկը Եվգենի Պրիգոժինի և նրա ենթակաների համար երկրի տարածքում մշտական ենթակառույցներ ստեղծելու մտադրություն, գոնե այս պահին, չունի։

«Մենք նրանց համար ճամբարներ չենք կառուցում։ Մենք նրանց առաջարկել ենք չօգտագործվող զորամասերից մեկի տարածքը, այնտեղ պարիսպը կա, ամեն ինչ կա, թող վրաններ դնեն, մենք էլ ինչով կարող ենք կօգնենք», - հայտարարում էր Լուկաշենկոն՝ ընդգծելով, սակայն, որ «Վագներ» ընկերության մարտիկների ճնշող մեծամասնությունը դեռ Բելառուս չի ժամանել, և չի բացառվում, որ նրանցից շատերը գերադասեն դա չանել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկոն Պրիգոժինին «Վագների» համար լքված զորամասի տարածքն է առաջարկել

«Վագներականներն առայժմ Լուգանսկում գտնվող իրենց ճամբարներում են։ Նախօրեին, ինձ զանգահարած Պրիգոժինն ասաց, որ իր մարտիկներից ոմանք կարող են Ռուսաստանի ՊՆ պայմանագրեր կնքել, ոմանք էլ կես տարուց մեկ տարի է ինչ տանը չեն եղել, գուցե գնան տուն», - հայտարարում էր Բելառուսի նախագահը։

Ուկրաինայում և Բելառուսի հարևան մյուս երկրներում անհանգստացած են

Ու թեև «Վագներ»-ի մարտիկների՝ Բելառուսի տարածքում մշտական տեղակայման հեռանկարներն այս պահին բավական մշուշոտ են, հարևան երկրներում դա լուրջ անհանգստություն է առաջացնում։ Որոշ ուկրաինական աղբյուրներ ենթադրում են, որ պաշտոնական Մոսկվան կարող է Բելառուսի տարածքում տեղակայված վագներականներին օգտագործել Կիևի ուղղությամբ նոր հարձակում նախաձեռնելու նպատակով։ Ոմանց պնդմամբ՝ հունիսի 24-ին,ընդամենը մի քանի ժամում շուրջ 700 կիլոմետր հատած վագներականների համար Բելառուսի սահմանից մինչև Կիև ընկած 100 կիլոմետրը կարող է մեծ խնդիր չհանդիսանալ։

Բելառուսի այն հարևանները ևս, որոնք արդեն իսկ ՆԱՏՕ-ի անդամներ են, «Վագներ»-ի՝ իրենց սահմանների մոտ ի հայտ գալու փաստից մտահոգված են։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի համոզմամբ, օրինակ, «Վագներ»-ի վերատեղակայումը պետք է դառնա ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովի օրակարգային թեմաներից մեկը։

«Վագներ»-ի վերատեղակայումը մեզ չի կարող չմտահոգել։ Ես կարծում եմ, որ դա լուրջ և խիստ մտահոգիչ հարց է։ Հյուսիսատլանտյան դաշինքը դրան պետք է շատ կոշտ կերպով արձագանքի», - հայտարարում էր Լեհաստանի նախագահը։

Նույն կարծիքին են նաև Բելառուսի հյուսիսային հարևանները՝ լիտվացիները։ Նախագահ Գիտանաս Նաուսեդայի կարծիքով, այնուհանդերձ, այս պահին «Վագներ»-ից եկող վտանգի ծավալը գնահատելը դեռ բավական դժվար է։

«Կասկած չկա, որ Պրիգոժինի և նրա զորքի մի մասը ժամանումը Բելառուս է՛լ ավելի է բարդացնում անվտանգության ապահովման հետ կապված ողջ իրավիճակը։ Այսօր, սակայն, հստակ հետևություններ անելը դեռ շատ վաղ է։ Այդ մասին խոսեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ դեռ հայտնի չէ, թե որքան հզոր կլինեն Բելառուսում տեղակայվող «Վագներ»-ի ուժերը։ Ամեն դեպքում, այդ վերատեղակայման փաստն ինքնին բարդացնում է անվտանգային կացությունը», - հայտարարում էր Լիտվայի նախագահը։

Հարևանների մտահոգության ևս մեկ պատճառ՝ մարտավարական միջուկային զենքի տեղակայումը

Բելառուսի հարևանների մտահոգության ևս մեկ պատճառը այդ երկրի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումն է։ Նախօրեին Մինսկում ուժային կառույցների սպայակազմի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հատուկ ընդգծում էր՝ «դա այլևս միայն ռուսական զենք չէ»։

«Դա մեր զենքն է, և մենք այն կկիրառենք անհրաժեշտությունից ելնելով», - հայտարարում էր Բելառուսի նախագահը՝ հանձնարարելով պաշտպանության նախարարին ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետին «մշակել Բելառուսի տրամադրության տակ գտնվող միջուկային զենքի հնարավոր կիրառման ալգորիթմը»։

Լուկաշենկոյի այս հայտարարությունները հնչեցին նրա և պաշտպանության նախարար Խրենինի առանձնազրույցից քիչ անց, որին Բելառուսի ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացել էր փոքրիկ նվերով՝ խորհրդային առաջին ատոմային ռումբի փոքրիկ մանրակերտով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջուկային զենքի փոխադրումը Բելառուս նախազգուշացում է Արևմուտքին. Պուտին