«Անձամբ կարգադրել են արյունահեղություն թույլ չտալ»
Ռուսաստանում զինված հեղաշրջման ձախողումից երեք օր է անցել, և երկիրն ամփոփում է տեղի ունեցածը:
Նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Սոբորնայա հրապարակում դիմել է Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի, Ռոսգվարդիայի, Անվտանգության դաշնային ծառայության, Պահպանության դաշնային ծառայության զինծառայողներին և շնորհակալություն է հայտնել հունիսի 24-ին զինված հեղաշրջումը կանխելու համար:
«Դուք պաշտպանել եք սահմանադրական կարգը, մեր քաղաքացիների կյանքը, անվտանգությունը և ազատությունը, հայրենիքը պաշտպանել եք ցնցումներից և, փաստորեն, կանգնեցրել եք քաղաքացիական պատերազմը», - հայտարարել է Պուտինը:
Նախօրեին երեկոյան նա ասել է, թե վագներականների գերիշխող մեծամասնությունը հայրենասեր մարդիկ են և ավանդ ունեն Դոնբասի ու Նովոռոսիայի ազատագրման գործում: Բայց նրանց փորձել են ուղղել զինակից եղբայրների դեմ, ում հետ նրանք ուս-ուսի կռվել են հանուն երկրի և ապագայի:
Երեկ Ռուսաստանի նախագահն ասել է, թե իր անձնական կարգադրությամբ քայլեր են արվել արյունահեղություն թույլ չտալու համար: Նա հավաստիացրել է, որ վագներականների նկատմամբ քրեական գործեր չհարուցելու խոստումը մնում է ուժի մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագներ»-ի ապստամբության գործը կարճվեցՎագներականներից ով կուզի՝ կարող է տեղափոխվել Բելառուս, ով կուզի՝ պայմանագիր կկնքի Պաշտպանության նախարարության հետ կամ էլ պարզապես կվերադառնա իրենց ընտանիքներ:
Այսօր պաշտպանության նախարարությունը հաղորդել է «Վագներին» պատկանող ծանր զինտեխնիկան զինված ուժերին փոխանցելու որոշման մասին: Պուտինը երեկ չի տվել «Վագների» հիմնադիր և իր երբեմնի սերտ դաշնակից ու բարեկամ Եվգենի Պրիգոժինի անունը:
Մեկ տարում Պրիգոժինը 80 միլիարդ ռուբլի է վաստակել
Իսկ այսօր նախագահը՝ վերստին Պրիգոժինի անունը չտալով, նրան ներկայացրել է որպես «Վագների» հիմնադիր ու «Կոնկորդ» ընկերության սեփականատեր, ով մեծ գումարներ է դիզել:
Ըստ Պուտինի, այս ամբողջ ընթացքում պետությունն է հոգացել «Վագների» ծախսերը: Միայն 2022-ի մայիսից մինչև 2023-ի մայիս վագներականներին աշխատավարձ և խրախուսական գումարներ վճարելու համար պետությունը հատկացրել է 82 միլիարդ 262 միլիոն ռուբլի:
«Մինչդեռ, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության սեփականատերը՝ «Կոնկորդ» ընկերությունը, բանակին սնունդ մատակարարելու դիմաց պետությունից 80 միլիարդ ռուբլի է ստացել»,- ասել է Պուտինը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը՝ Պրիգոժինի կազմակերպած ռազմական ապստամբությունը հարթելու շուրջ բանակցություններիցՊրիգոժինի վերաբերյալ ռուսական վերնախավը գերադասում է հիմա շատ չխոսել: Դեռ շաբաթներ առաջ իշխանամետ ռուսական մամուլը նրան ներկայացրել է իբրև հերոսի, ով հետաքրքիր կերպար է, չի տեղավորվում ընդունված կարծրատիպերի մեջ, համարձակվում է հայհոյել պաշտպանության նախարարին և Գլխավոր շտաբի պետին, բայց պինդ տղա է և հայրենիքի նվիրյալ:
Այսօր լարված լռություն է, մարդիկ սպասում են, թե ի վերջո ինչպես կհանգուցալուծվի վիճակը:
Պրիգոժինը հիմա էլ փորձում է ներկայանալ ազնիվ հայրենասերի կերպարանքով, ինչի մասին է վկայում Տելեգրամ-ալիքում «Կոնկորդի» տեղադրած ուղերձը:
«Մեկ օրում անցանք այնքան, որ ընդամենը 200 կիլոմետր մնաց մինչև Մոսկվա և ամբողջությամբ հսկողության տակ առանք Ռոստովը: Խաղաղ բնակիչներն ուրախ էին մեզ տեսնել: Մենք ցույց տվեցինք վարպետաց դաս, թե ինչպիսին պետք է լիներ 2022 թվականի փետրվարի 24-ի օպերացիան [Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա] և նահանջեցինք, որ ռուս զինվորների արյուն չթափվի», - ասվում է Պրիգոժինի ձայնային ուղերձում:
«Նա Պուտինի շղթայակապ շունն է և պատերազմի հանցագործ»
Իսկ լայն հասարակության շրջանակներում քիչ չեն նրանք, ովքեր Պրիգոժինին համակրում են ու գովում ճշմարտությունն ասելու համար: Այդ միամիտ ու պարզունակ ընկալման մասին է խոսել ռուսաստանցի քաղաքական փորձագետ Ֆյոդոր Կրաշեննիկովը:
«Զարմանալի է, երբ հսկայական թվով մարդիկ ինչ-ինչ պատճառներով մոռանում են, որ նա [Պրիգոժինը] Պուտինի շղթայակապ շունն է, արյունոտ դահիճ, պատերազմական հանցագործ է, և հանկարծ սկսում են կարեկցել նրան, ակնկալել ինչ-որ հեղափոխական գործողություն ընդդեմ պուտինյան ռեժիմի, ինչի մասին, նա երբեք չի էլ հայտարարել։ Եվ հիմա էլ, երբ ամեն բան ավարտված է, շարունակում է ասել, որ Պուտինի դեմ ոչինչ չունի», - ասել է Կրաշեննիկովը։
Պրիգոժինի անձնական օդանավը՝ շքեղ Embraer Legacy 600-ը, վայրէջք է կատարել Մինսկի մոտակայքում: Ճգնաժամի կարգավորման հիմնական միջնորդի դերը ստանձնած նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ Պրիգոժինն այսօր հասել է Բելառուս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկո․ Մենք ուզում ենք՝ «Վագները» կիսվի մեզ հետ պատերազմական փորձով