12 հազար 600 անձ անցնում է 44-օրյա պատերազմի և ռազմական դրության ժամանակահատվածում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև այլ հանցագործությունների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով, այսօր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա փոխանցմամբ, քրեական գործերն առնչվում են քաղաքացիների, զինծառայողների կողմից զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու և այլ դեպքերի։
«Այս թվից որքա՞ն մարդ դատարանի կողմից մեղավոր կճանաչվի, որքա՞ն մարդ անմեղ կճանաչվի, ո՞ւմ նկատմամբ քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումը կդադարեցվի, ո՞ւմ նկատմամբ գործը կգնա դատարան, էդ հարցին ես չեմ կարող պատասխանել», - ասաց Փաշինյանը։
Ապրիլի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը պնդել էր, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմում առնվազն 11 հազար դասալիք է եղել։ Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հստակեցրել էր, որ դասալքության հոդվածով այս պահին մեղադրվում է 756 զինվորական։ Գերատեսչությունից պարզաբանել էին, որ դասալքությանն ու դրան առնչվող հոդվածներով իսկապես անցնում է 10 հազարից ավելի մարդ, բայց նրանք դեռևս մեղադրյալի կարգավիճակ չունեն, իրավապահները բավարար փաստեր դեռ չեն գտել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս է վարչապետի տիկինը առանց քննության արդյունքներին սպասելու նման հայտարարություն անում. իրավապաշտպան