Մատչելիության հղումներ

Երկու տարի անցել է, նոր մարդ են կանչում հարցաքննության. գյումրեցի պահեստազորային


44-օրյա պատերազմի մասնակից, կամավորական Արմեն Աջամյան
44-օրյա պատերազմի մասնակից, կամավորական Արմեն Աջամյան

Գյումրեցի 30-ամյա Արմեն Աջամյանի տեղաշարժի իրավունքը սահմանափակված է՝ իր դեմ դասալքության հոդվածով հարուցված քրեական վարույթի պատճառով։

Նա ասում է, որ Ռուսաստանում ապրող մայրը հրատապ վիրահատության կարիք ունի, բայց քննիչները 44-օրյա պատերազմի մասնակցին, իր գնահատմամբ, անհասկանալի մեղադրանք են առաջադրել։ Դեռ մեկուկես տարի առաջ սկսված նախաքննությունն առաջ չի գնում ու խնդիրներ է ստեղծում իր համար. - «Ու ես էսօր իմանում եմ, որ իմ գործը ենթակա ա էղել կարճման ու մինչև հիմա գործիս ընթացք չեն տվել»։

Արմեն Աջամյանը 2020-ին, որպես նախկին զինվորական, կամավորագրվել ու ռազմաճակատ է մեկնել։ Ասում է՝ իր ղեկավարած դասակով թեժ մարտերի են մասնակցել, պատվով դուրս եկել։ 44-օրյա պատերազմից հետո պարտավորվել են կանչի դեպքում կազմ-պատրաստ ներկայանալ Վանաձորի ԴՈւՑ-ի զորամաս։

Պատմում է՝ կանչել են, ամբողջ ջոկատը ներկայացել է զորամաս, բայց մարտական հերթապահության չեն գնացել, քանի որ հրամանատարությունը որոշել է, որ անձնակազմը լրացել է ու Արմենի ղեկավարած ջոկատին նորից տուն են ուղարկել։ Սա էլ հենց շփոթ է առաջացրել. համարել են, որ կամավորագրված զինվորականները խուսափել են ծառայությունից ու քրեական վարույթ է սկսվել։

«Կանչել են՝ ներկայացել ենք, մեզ ասել են, որ էլ պետք չեք, որ պետք էղաք, կզանգենք։ Ու արդեն զանգել են, արդեն շոր հանձնելու համար, զենքը հանձնելու համար, զինվորական գրքույկ ստանալու համար։ Հաջորդ ստորաբաժանումները որ իջել են արդեն, անվանական չեն արել, ու մեր անունները որ չի էղել ընտեղ, էդ հիմքի վրով են... իրանց ասած օրինակն եմ ասում, հստակ չեն ասում, օրինակով են ասում»։

Դրանից հետո անցել է մեկ ու կես տարի, որևէ քննչական գործողություն չի արվել՝ բացահայտելու մեկ պարզ հարց՝ ի վերջո Արմենն ու իր ընկերները այդ օրերին եղե՞լ են զորամասում, թե՞ ոչ։ Վստահ է՝ ընդամենը երկու մատյանի ու մուտքին տեղադրված տեսախցիկների արձանագրություններով հնարավոր էր եզրակացություն անել նախաքննությունը կարճելու կամ շարունակելու մասին. - «Համ զորամասում կա տեսախցիկ մուտքի մոտ, որ կարող են էդ մուտքի տեսախցիկներով տեսնեն ես ներկայացել եմ անձամբ, թե չէ։ Բացի դրանից, ես հանձնել եմ զենք, հանձնել եմ հանդերձանք, որը ստորագրել եմ ես։ Էդ ստորագրություններն էլ կան։ Ես էդ ամեն ինչի մասին տեղեկացրել եմ իմ քննիչին։ Բայց բանից դուս ա գալիս, որ ես էրկու օր առաջ գնացի, գործս ուսումնասիրեցի, էդ ամեն ինչին ընթացք տված չէր։ Էրկու տարի անցել ա, նոր մարդ են կանչում հարցաքննության»։

Գյումրեցի պահեստազորայինն ասում է՝ անցած մեկ ու կես տարվա ընթացքում իրավաբանական կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու հնարավորություն է ունեցել, փորձաշրջանը հաջողությամբ անցել է, բայց քրեական գործով անցնող թեկնածուին աշխատանքի չեն վերցրել. - «Այսինքն՝ հա'մ աշխատանքի առումով ա իմ վրա ազդել, հա'մ բարոյահոգեբանական առումով՝ տեղաշարժի իրավունքի խախտմամբ։ Եթե էս հարցը իրանք չլուծեցին, ես դիմելու եմ մինչև Գլխավոր դատախազություն ու պահանջեմ փոխհատուցում»։

Արմենն ինքնաթիռի տոմսը ձեռքին չէր կարողանում մեկնել Ռուսաստան՝ լուրջ հիվանդություն ունեցող մորն այնտեղ վիրահատության տանելու համար։ Միայն երեկ, երբ արդեն իրավապահներին հայտնի էր, որ նա հարցազրույց է տվել, խոսել, ըստ իրեն, անարդարացի քրեական հետապնդման մասին, Քննչական կոմիտեն որոշել է՝ թույլատրել Արմենին տասն օրով բացակայել Հայաստանից։

Այսօր երեկոյան կմեկնի Ռուսաստան։ Ասում է՝ օրեր անց կվերադառնա ու կշարունակի պայքարն իր իրավունքների համար. - «Ու ես իմ անձնակազմի անունից կարող եմ պաշտոնապես ասել, որ բոլորս ներկայացել ենք, բոլորս մասնակցել ենք պատերազմական գործողության, ու մեր մոտ էղել ա էն սկզբունքը... ոչ մի քայլ հետ սկզբունքով մենք դիրք չենք թողել, դիրք չենք հանձնել, կռվել ենք էն ձևի, որ չեն զգացել, որ մենք մոբի անձնակազմ ենք, մենք կռվել ենք զորամասի պայմանագրային զինծառայողների հետ հավասար ու մնացել ենք իրանց հետ հավասար։ Հրաման ա եղել դուրս տալու, դուրս ենք էկել։ Մենք առանց հրամանի բան չենք արել»։

Քննչական կոմիտեից այսօր այս գործի մասին տեղեկություն չտրամադրեցին՝ պատճառաբանելով ընթացող նախաքննությունը։

Աջամյանը արդեն մեկ շաբաթ ամեն օր Գյումրիից հասնում էր Վանաձոր՝ քրգործի մասին մանրամասներ իմանալու համար։ «Ազատությանը» չի հաջողվել մեկնաբանություն ստանալ նաև զորամասի ղեկավարությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG