Մատչելիության հղումներ

Դատախազությունից հայտնում են, քրգործեր են հարուցվել՝ պարզելու արդյոք պատերազմում պարտությունը նաև հանցագործության հետևանք էր


Պատերազմի առաջին օրից մինչև այժմ ամենատարբեր լուրերն են շրջանառվում՝ զինվորականը ոտքին կրակել է, որպեսզի մարտերին չմասնակցի, հարյուրավոր դասալիքներ լքել են առաջնագիծը, Շուշին ոչ թե գրավվել, այլ հանձնել են, ի վերջո Արցախը վաճառվել է: Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են՝ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել՝ պարզելու՝ արդյոք պարտությունը նաև հանցագործության հետևանք էր։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի խոսքով` 882 քրեական գործ միայն դասալքության, հրաման չկատարելու հոդվածներով է. «Դասալքությունների, հրամանները չկատարելու, հրամանների կատարումից հրաժարվելու և այլնի հետ կապված և դրանց կապակցությամբ հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, խոսքը 880-ից ավելի գործերի մասին է, հազարավոր մարդկանց է վերաբերվում և այս պահի դրությամբ այդ քրեական գործով կան նաև տասնյակ մեղադրյալներ»:

Հատկապես Արցախի հարավային ուղղությամբ զինծառայությունից հրաժարվելու վերաբերյալ գործեր են, ընդ որում՝ գործող անձինք պաշտոնատարներ են։ Ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն էր նախորդ ամսին հրավիրած ասուլիսում վարչապետ Փաշինյանին մեղադրել պարտության համար։ Շեշտել էր՝ պատերազմի 3-րդ օրը նա կանգնեցրել է բանակի համալրումը, զորահավաքը, գնվել է անպիտան զինտեխնիկա՝ մարտավարական մի շարք խնդիրներ էր մատնանշել։ Դատախազի խորհրդականի խոսքով՝ ասուլիսի ողջ տեսագրությունը Հատուկ քննչական ծառայությունում է՝ քրեական գործ է հարուցվել, որին կցվել է նաև Արցախի դիմաց 5 միլիարդ դոլար առաջարկելու վերաբերյալ հրապարակումը։

«Այդ գործին կցելու և դրա շրջանակներում քննություն իրականացնելու նպատակով ուղարկվեց նաև լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկությունը, որ տարածքները վաճառելու շրջանակներում 5 միլիարդ դոլարի առաջարկ է արվել և այլ: Այդ տվյալները ևս ուղարկվել են և այդ գործի շրջանակներում քննության առարկա են հիմա», - ասաց Աբրահամյանը:

Ի՞նչ է ի վերջո տեղի ունեցել Շուշիում, պատերազմի ավարտից հետո չի դադարում տեղեկատվության շրջանառությունը, որ բերդաքաղաքը ոչ թե ադրբեջանցիները գրավել են, այլ հայկական զորքերը նահանջի անհիմն հրաման են ստացել ու հանձնել քաղաքը: Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ այժմ քննության առարկա են բոլոր հրապարակումները. Արցախի նախագահի հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ որտեղ Հարությունյանը դժգոհում էր, որ Հայաստանից այդպես էլ աջակցություն չի ստացել, քաղաքի մատույցներում ծավալված գործողությունների ականատես լրագրող Պեգովի դիտարկումները՝ բոլոր նյութերը, որ վերաբերվում են Շուշիի զարգացումներին՝ Գլխավոր դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ:

«Շատ լայնածավալ քննություն ենթադրող հանգամանքներ են սրանք ու ճշտումներ անելու, ստուգումներ իրականացնելու, օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնելու ենթակա քրեական գործեր են կամ հանգամանքներ են, որ պետք է պարզվեն», - ընդգծեց գլխավոր դատախազի խորհրդականը:

Քրեական գործեր ու մեղադրյալներ կան նաև առաջնագծում խուճապ տարածելու, «Արցախը վաճառված է՝ իզուր մի կռվեք» մտքերը շրջանառելու փաստերով։

Իսկ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի աղմկոտ հայտարարությունները՝ ադրբեջանցիներին հայկական անձնագրեր բաժանելու վերաբերյալ, նյութերի նախապատրաստման փուլում վերածվել է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործի:

«Խոսքը վերաբերում է Գառնիկ Իսագուլյանի կողմից արված այն հայտարարություններին, որ հազարից ավելի անձանց անձնագրեր են բաժանվել, 400 ադրբեջանցի զինծառայողներ Մեղրիի տարածքով անցել են Արցախի Հանրապետության տարածք և այլն, այդ կապակցությամբ նյութեր նախապատրաստելու հանձնարարություն ևս տրվեց և արդյունքում Իսագուլյանը հրավիրվեց բացատրություններ տալու, նա հրաժարվեց, ցավոք սրտի, իրեն հայտնի հանգամանքները ներկայացնելուց», - ասաց Գոռ Աբրահամյանը:

Ըստ Աբրահամյանի՝ ազգային անվտանգության ծառայողներն ու ոստիկանները Իսագուլյանի հայտարարությունները փորձել էին ստուգել նաև օպերատիվ -հետախուզական ճանապարհով, բայց արդյունքի չէին հասել։ Այժմ հարյուրավոր քրեական գործեր են քննվում՝ պատերազմական իրականությունը պարզելու համար։ Գլխավոր դատախազի խորհրդականը պնդում է՝ գործընթացը միայն իրավական է, քաղաքականություն և հույզեր չկան. «Բացարձակ իրավական դաշտում պետք է կատարվի պրոցեսը: Միայն բավարար ապացույցների համակցության հիման վրա մենք կարող ենք հետագայում խոսել քրեական հետապնդումների մասին: Ուզում եմ նշել, որ ի սկզբանե քաղաքական տարրը մեր կողմից բացառված է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG