Մատչելիության հղումներ

7 ամիս առաջ սահմանագծին անհետացած զինծառայողի կարգավիճակը մեղադրյալից փոխվել է տուժողի


7 ամսից ավելի է` պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը չկա։
Զինծառայողն անհետացել էր նոյեմբերի 12-ին՝ Նախիջևանի սահմանագծի դիրքերից։

«Իր հետ երկու շուն է եղել, շները հետ են եկել, ինքը չի վերադարձել», - ասում է զինծառայողի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը։

«Ազատությունն» այս տարեսկզբին էր զրուցել Լիանա Մելիքսեթյանի հետ, նա մենակ էր մնացել իր երեք մանկահասակ երեխաների հետ՝ ոչ միայն առանց ընտանիքի հոր, նաև առանց դրամական աջակցության։ Ընտանիքը դեպքից ամիսներ անց էլ մինչև այժմ չի կարողանում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստանալ անհետ կորած զինվորների ընտանիքների համար նախատեսված գումարը։ Ընտանիքին աջակցող իրավաբաններից Վարդուհի Սարգսյանն ասում է՝ խնդիր է այն, որ ի սկզբանե գործ է հարուցվել մարտական դիրքը ինքնակամ լքելու հիմքով, այսինքն՝ կորած զինվորը ոչ թե տուժող է, այլ մեղադրյալ։

«Վահեի դասալքության, այսինքն՝ ծառայությունից խուսափելու հետ կապված որևէ բացատրելի հանգամանք չկա, ինչո՞ւ, որովհետև փաստացի պայմանագրի ժամկետը լրանում էր ընդամենը մեկ ամսից, և նա կարող էր պարզապես չշարունակել պայմանագիրը», - նշում է իրավաբանը։

33-ամյա պայմանագրայինի վերջին հերթափոխն էր սա, և ընտանիքի պնդմամբ՝ նա զինծառայությունը շարունակելու մտադրություն ուներ, ծառայությունից դժգոհություն չուներ։ Իրավաբանը հարցնում է՝ մի՞թե այս ամիսները բավարար չէին, որ վարույթն իրականացնող մարմինը պարզեր, որ դասալքության հիմքեր չկան. «Երեք վարկած կարող է լինել՝ կա՛մ մոլորվելու հետևանքով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, կա՛մ հենց ադրբեջանցիների կողմից առևանգվել է, և կա՛մ Վահեի հետ կատարվել է դժբախտ դեպք կամ սպանություն, որի հետևանքով դիակը թաքցրել են»։

Վահե Մանուկյանի ընտանիքը
Վահե Մանուկյանի ընտանիքը


Քննչական կոմիտեի նախագահին, Դատախազություն դիմումներ են ուղարկել գործն արագացնելու համար։ ՔԿ-ից այսօր տեղեկացրին՝ օրեր առաջ Դատախազությունից անհետ կորած զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ցուցում են ստացել, այդպես էլ արել են. քրեական նոր գործ է հարուցվել՝ արդեն սպանության հոդվածով։

«Հարուցվել է քրեական գործ 104-ի առաջին մասով, նա ճանաչվել էր տուժող, կնոջն, ամենայն հավանականությամբ, կկանչեն քննչական վարչություն զինվորական, և նրան կճանաչեն որպես իրավահաջորդ», - ասում է ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Նա պարզաբանում է, թե ինչու է մարտական դիրքից անհետացած զինծառայողի կարգավիճակի հարցը այսքան ձգձգվել. «Երկար ժամանակ չէին կարողանում հարազատներին ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ, որովհետև վարկած կար, որ Վահեն՝ ինքը իր դիրքը լքել է և տեղափոխվել ուրիշ դիրք»։

Բարձր լեռնային տեղանքում որոնում իրականացրել են ձնհալից հետո՝ նաև դրոններով են աշխատել, զինծառայողի մարմինը չեն գտել։ ՔԿ-ի այս նոր որոշումից հետո, երբ անհետ կորած զինծառայողը մեղադրյալից դարձել է տուժող, ընտանիքը արդեն կարող է դիմել դատարան։

«Այս դեպքը միանշանակ է, որ տեղի է ունեցել մարտական հերթապահության ժամանակ, այս պարագայում ընտանիքը կարող է դիմել դատարան՝ իրենց հարազատին անհայտ բացակայող ճանաչելու համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին», - նշում է իրավապաշտպան Արմինե Սադիկյանը։

Անհայտ կորած զինծառայողների ընտանքիների համար նախատեսված ընդհանուր գումարը 10 միլիոն դրամ է։ Իրավապաշտպանը շեշտում է՝ զինծառայողներն այսօր անվտանգ ծառայության պայմաններ չունեն, և դրա ապացույցն այսպիսի կրկնվող դեպքերն են։ 33-ամյա պայմանագրայինի հարազատները արդեն հույս չունեն, որ Վահեն ողջ է, գերեվարման հանգամանքն Ադրբեջանը չի հաստատում։

Վահեի եղբայրը որևէ սպասում այլևս չունի. «Հավանականությունը դժվար է, որովհետև 2-3 անգամ Կարմիր խաչի հետ խոսացել ենք, ասում են՝ հարցում են արել, որ այդձև մարդ չկա, չգիտեմ, - ասում է Վահեի եղբայրը, - եթե ողջ լիներ, մի անգամ կզանգեր, չէ՞ ... Վատ երազ եմ տեսել եղբորս պահով»։

XS
SM
MD
LG