Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս է վարչապետի տիկինը առանց քննության արդյունքներին սպասելու նման հայտարարություն անում. իրավապաշտպան


Երեք շաբաթ անց Աննա Հակոբյանի աղմկահարույց հայտարարությունից, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմում առնվազն 11 հազար դասալիք է եղել, Գլխավոր դատախազությունը հրապարակեց իր տվյալները՝ այդ հոդվածով այս պահին մեղադրվում է 756 զինվորական։

«Իսկ իրականությունն այն ա, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11 հազար դասալիք։ Դասալիք. ես այլ կերպ չեմ արտահայտվում, դուք հասկացեք ինչի մասին ա խոսքը։ 11 հազար զինվորական, կամավոր, սպա և այլն։ 11 հազարը պատկերացնում ենք չէ՞ ինչ թիվ ա», - ասել էր վարչապետի տիկինը։

Դատախազությունից «Ազատությանը» տված պարզաբանման մեջ փաստել են՝ դասալքությանն ու դրան առնչվողհոդվածներով իսկապես անցնում է 10687 մարդ, բայց նրանք դեռևս մեղադրյալի կարգավիճակ չունեն, իրաավապահները բավարար փաստեր դեռ չեն գտել։

Եթե իրավապահները նրանց մեղադրյալ չեն համարում, ի՞նչն է Աննա Հակոբյանին հիմք տվել նրանց դասալիք համարել, պարզ չէ։ «Ազատությանը» չի հաջողվում կապ հաստատել նրա հետ։ Հակոբյանը խոսնակ չունի, նրա պաշտոնական կայքում հեռախոսահամար չկա։ Նրան ուղղված մեր հաղորդագրությունները մնացել են անպատասխան։

«Սահմանները չպետք է անցնել և չպետք է ինքդ քեզ վերագրես ինչ-որ լիազորություններ, որովհետև դու վարչապետի կին ես կամ առնվազն վարչապետ ես», - ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Զինվորը, նույնիսկ տասնութ տարեկան զինվորը քաջաբար մարտնչել ա։ Զինվորը չի պարտվել... թող զինվորականների աշխատանքը զրոյի հետ չհավասարեցնեն, չի կարելի։ Իրանք իրանց մեղավորությունը գցում են ժողովրդի վրա։ Բայց ժողովուրդը ինչո՞վ ա մեղավոր», - հավելում է «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը։

Անահիտ Մարտիրոսյան
Անահիտ Մարտիրոսյան

59- ամյա Մարտիրոսյանը մասնակցել է արցախյան երկու պատերազմներին։ Երկու դեպքում էլ տեսել է դասալիքների, ասում է՝ նրանք կան բոլոր պատերազմներում, այլ հարց է, թե ինչպես է իրավիճակը վերահսկվում ու կառավարվում. - «Էդ որ ասում եք յոթ հարյուր քանի հոգի դասալիք են, կամ բան են արել, եթե ինքը տենում ա, որ իրա հրամանատարը փախել ա, էրեխեն... Տասնութ տարեկան էրեխա են բռնել, օրինակի համար, տասնութ տարեկան էրեխեն կարա՞ գնդապետի նման բոյը ղեկավարի։ Չի' կարա։ Էդ մեկ։ Երկրորդը, եթե տենում ա սաղ լքել են, արդեն տարածքը ազատել են, էն էլ զենքերը-բաները թողել են, էդ էրեխեն ի՞նչ անի։ Մնա զոհվի՞...»

Պատերազմների միջով անցած կինը հարցնում է՝ ինչո՞ւ 90-ականներին, երբ կանոնավոր բանակ չկար և կռիվը տանում էին ֆիդայական խմբերով, դասալիքները չդարձան պարտության պատճառ։ Ինչո՞ւ զինվորները դիրքերը չլքեցին տավուշյան մարտերի ժամանակ, որոնցից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ հայկական բանակը հաստատեց, որ ամենամարտունակն է տարածաշրջանում։

«Մենք կրել ենք դուխի հաշվին։ Կազմակերպչական աշխատանքները ծառայության ժամանակ ճիշտ ա տարվել։ Խելացի մարդիկ են էղել էն ժամանակ, հրամանատարներ են եղել... Մոնթե Մելքոնյան ենք ունեցել, Լեոնիդ Ազգալդյան ենք ունեցել։ Էլ չեմ ասում Կոմանդոսը, որ ինձ մարտական հայր ա», - ասաց Մարտիրոսյանը։

Դեռ երկու տարի առաջ մամուլը գրել էր, թե մոտ տասը հազար մարդ է հարցաքննվում դասալքության հոդվածներով։ Հղում անելով իր աղբյուրներին՝ «Ժողովուրդը» օրաթերթը միաժամանակ պնդել էր, թե քննիչները չգիտեն ինչպես վարվեն, քանի որ զինվորները պատմել են ընդհանուր անկազմակերպ վիճակի մասին ու պնդել, որ այլ ելք չեն ունեցել․ «երկնքից կրակ էր թափվում, մեր ընկերները մոխրանում էին մեր աչքի առաջ»։ «Քննիչները չգիտեն ինչ անել, ինչ իրավական լուծում տալ», - գրել էր մամուլը 2021-ի փետրվարին։

Ժաննա Ալեքսանյան
Ժաննա Ալեքսանյան

Ինչպե՞ս է վարչապետի տիկինը առանց քննության արդյունքներին սպասելու նման հայտարարություն անում, հարց է տալիս բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը. - «Կարծում եմ, իրավապահ մարմինները էստեղ գործ ունեն անելու՝ հարցաքննելու Աննա Հակոբյանին, որը քիչ թե շատ կզսպի նրա չճշտված տեղեկություններ շաղ տալը»։

Ի դեպ, ըստ դատախազության, դասալքության ու հարակից հոդվածներով հարուցված գործերից մինչ այս պահը դատարան է ուղարկվել 118-ը։ Դրանց քննության արդյունքում դատարանի վճռով դասալիք է ճանաչվել 63 մարդ, մեկը արդարացվել է։

XS
SM
MD
LG