«Մտածում են էսօր ինչքան կարող են «քերեն» սեփականատերերին. Ֆիրդուսի թաղամասի բնակիչ

Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռաֆայել Սաֆարյան

Երևանի Ֆիրդուսի թաղամասում բնակվող 12 ընտանիքներ պետք է իրենց տները հանձնեն կառուցապատող «Սիթի սենթր Դիվելըփմենթին»։

Դատարանի վճռով ընկերությունը նրանց ընդհանուր 1,6 միլիոն դոլար պետք է վճարի, յուրաքանչյուրին՝ միջինը 130 հազար դոլար։ Ընտանիքները սա անարդար փոխհատուցում են համարում՝ նկատելով, որ փաստացի դատարանը Երևանի կենտրոնում գտնվող տան ու հողամասի մեկ քառակուսի մետրը գնահատել է մոտ 1200 դոլար։ Եվ սա այն դեպքում, երբ այս նույն տարածքում կառուցվող նորակառույցում քառակուսի մետրի գները սկսում են 4500 դոլարից։

«Իրանք մտածում են էսօր ինչքան կարող են ժողովրդի լեզվով ասած՝ քերեն սեփականատերերին, վաղը չէ մյուս օրը ով պատասխան կտա՝ կտա», - ասում է բնակիչներից Ռաֆայել Սաֆարյանը։ - «1700-ից 2000 դոլար ինքը [Տիգրան Ավինյանը] ասել ա, ու իրանից հետո նամակներն էկել ա՝ 700 ամերիկյան դոլարին համարժեք դրամ։ Մենակ մի փաստ ֆիքսեք, խնդրում եմ. 2021 թվի արձանագրությունը, որ ինքը պատասխանատվություն չի վերցնում իրա գույքագրման վրա, իրա արժեքի վրա, ինչի՞ պետք ա դատարանը որոշում կայացնի 21 թվականի արժեքով օտարում տա մեզ»։

Ռաֆայել Սաֆարյանը, որ դատարանից այլ վճիռ չէր սպասում, հիշեցնում է, որ երկու տարի առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոստումը, թե սեփականատերերին համարժեք փոխհատուցում կտրամադրվի։

«Գույքերի փոխհատուցման գումարը նախկին մեկ քառակուսի մետրի համար 600-700 դոլարի փոխարեն դարձել է 1700-ից 2000 հազար դոլար», - ասել էր Ավինյանը։

Բոլոր 12 ընտանիքները, որոնց վրա տարածվում է դատարանի վճիռը, Սաֆարյանների գերդաստանից են, ազգականներ են, որոնք կողք-կողքի են ապրում։ Նրանք դժգոհում են՝ անգամ 2000 դոլարն է քիչ, որ մայրաքաղաքի կենտրոնում պապական տունն ու հողամասը հանձնեն մասնավորին, որը մի քանի անգամ թանկ գնով այն կվաճառի։

Պնդում են՝ իրենք ևս կարող էին ներդրում անել ու բարեկարգել տարածքը. - «Ես ասել եմ 408 միլիոն ես մուտք եմ անում, թող իրանք իմ տարածքից դուրս գան։ Ես ինչ կանեմ՝ կանեմ։ Ես իմ տարածքը կսարքեմ»։

Ո՞րն է այստեղ հանրային գերակա շահը, հարցնում է վտարման եզրին կանգնած Ռաֆայել Սաֆարյանը. - «Ու երբ որ բողոքները գնում ա էնտեղ, պատասխանը՝ օրենքի սահմաններում, օրենքի սահմաններում... Չգիտեմ... էնքան ենք ջղայնացել, որ հիմի էլ ժպտում ենք...»

Կառավարությունը դեռ 2006 թվականից է Երևանի ամենահին թաղամասը ճանաչել հանրային գերակա շահ՝ նպատակ ունենալով այստեղ նորակառույցներ, խանութներ, հանգստյան գոտիներ կառուցել։ Դեռ 17 տարի առաջ սակայն «Սիթի սենթր Դիվելըփմենթը» ձախողել է կառուցապատումը, ապա 2018-ին նորից ճանաչվել տարածքի ձեռքբերող։ Ավելին, այժմ կալանքի տակ գտնվող ընկերության հետ միասին կառավարությունը ձեռքբերող է ճանաչել նաև նույն «Սիթի սենթրի» ստեղծած 17 ընկերություններին։

Ինչպե՞ս է ստացվում, որ նույն այս ընկերության ստեղծած ընկերություններն են ձեռք բերել տարածքը, հարցնում են բնակիչներն ու կասկածներ հայտնում, որ սա կոռուպցիա է. - «Անօրինականությունները անսահմանափակ են, դրանց սահմանափակում չկա։ Ուղղորդվում ա... կառավարությունից ուղղորդվում ա քաղաքապետարան, քաղաքապետարանից ուղղորդվում ա էլի ԾԻԳ, էլի իրանց կառույցն ա»։

Դատարանի վճիռը Սաֆարյանները պատրաստվում են բողոքարկել։ Նրանց հարցերը շատ են՝ ինչպե՞ս է ստացվել, որ դատարանն իրենց գույքը գնահատել է դեռ 2021 թվականին փորձագետների տված գնահատականներով, այն էլ՝ գնահատման ցանկում չի ներառել ինքնակամ կառույցները, որոնց համար տարիներով հարկ են վճարել։ Ինչպե՞ս է դատարանը վճռել իրենց ունեցվածքը տալ մի ընկերության, որն արգելանքի տակ է։ Ըստ ռեգիստրի տվյալների, «Սիթի սենթրից» պետբյուջեի օգտին պետք է բռնագանձվի ավելի քան 11 միլիոն դրամ։ Թե ինչ գումար է սա, պարզ չէ։ «Սիթի սենթրի» ներկայացուցիչները շաբաթներ շարունակ մեր զանգերն անպատասխան են թողնում։

Դավիթ Սաֆարյան

Սեփականատերերից Դավիթ Սաֆարյանն ասում է. - «Կառուցապատողի կողմից առաջարկվում ա հետևյալ սակագները. մեկ քառակուսի մետրը չորրորդ հարկը 5600 դոլար, հինգերորդ հարկից սկսած մինչև տասնմեկերորդ հարկը տատանվում ա մինչև 7000 դոլար, տասներկուերորդ հարկը վաճառում ա 10000 դոլարով։ Հիմա հարց եմ ուզում տամ՝ դա քրեական ա համարվո՞ւմ, թե՞ ոչ»։

Նրա խոսքով, ավելի մեկ տարի տևած դատավարության ընթացքում դատավորն այդպես էլ թույլ չտվեց իրենց առաջարկած գնահատող ընկերությանը ներկայացնել շուկայի իրական գները։ Անշարժ գույքի վաճառքով զբաղվող կայքերն ուսումնասիրելիս Երևանի այս հատվածում չես գտնի քառակուսին 2000 դոլարով վաճառվող բնակարան։ Սակայն դատարանն իր վճռում իրատեսական է համարել գնահատող կազմակերպությունների երկու տարի առաջվա եզրակացությունն ու ընդգծել՝ փոխհատուցումը համարժեք է և սեփականատերերը հանուն հանրային գերակա շահի պետք է ազատեն տարածքը։

«Իսկ վաղը-մյուս օրը, երբ որ էդ կոպեկները դառնա ինչ-որ մի հատ համարժեք փոխհատուցում Եվրոդատարանի կողմից, ո՞վ ա վճարելու էդ ամբողջը։ Հարկատուներից ա դուրս գալու», - ինքն իր հարցին պատասխանեց Դավիթ Սաֆարյանը։

Ֆիրդուսի սեփականատերերի փաստաբան Տիգրան Հայրապետյանը տարակուսած է՝ արգելանքի տակ գտնվող «Սիթի սենթըրը» ինչպե՞ս պետք է Սաֆարյանների տարածքում գործարքներ անի. - «Այսինքն՝ մենք հանցավոր կոռուպցիոն սխեմայի ականատես ենք»։

Չնայած դժգոհություններին, Երևանի կառուցապատման գրասենյակում պնդում են՝ ամեն ինչ արվել ու արվում է օրենքով, տարածքից չհեռացող մարդիկ պետք է անհապաղ կատարեն դատարանի վճիռը։