Երեկ ուշ երեկոյան պետական այցով Բաքու է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Մայիսի 28-ին նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո սա Էրդողանի առաջին արտասահմանյան ուղևորությունն է․ ավանդույթի համաձայն՝ նրա առաջին կանգառը Հյուսիսային Կիպրոսն էր, ապա՝ Ադրբեջանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը պետական այցով մեկնել է ԲաքուԹուրքիայի համապետական ընտրությունների լարված քարոզարշավի ընթացքում Ադրբեջանն ու ղարաբաղյան հակամարտությունը նախընտրական բանավեճերի օրակարգային թեմաներից էին։ Իշխող ուժը պնդում էր, թե ընդդիմության հաղթանակը կարող է հանգեցնել Անկարայի կողմից Բաքվին ցուցաբերվող աջակցության նվազեցմանը։ Ադրբեջանում էլ իշխանամետ մամուլն ամբողջ քարոզարշավի ընթացքում փառաբանում էր Թուրքիայի գործող նախագահին։ Մոտ երկու տասնամյակ Ադրբեջանը ղեկավարող Ալիևն առաջինն է շնորհավորել ավելի քան երկու տասնամյակ Թուրքիայի իշխանության ղեկը ձեռքում պահող Էրդողանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Ադրբեջանի նախագահն անցած ամիս հատուկ Թուրքիա էր մեկնել Էրդողանի նախընտրական քարոզարշավի միջոցառումներից մեկին մասնակցելու համար։
Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, երեկ Թուրքիայի նախագահին և նրա կնոջը՝ Էմինե Էրդողանին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ Հաղորդվում է, որ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը: Օդանավակայանից բարձրաստիճան հյուրերն ուղևորվել են Բաքվում գտնվող «Գյուլիստան պալատ», որտեղ էլ նրանց ընդունել է Ադրբեջանի իշխող ընտանիքը։
Թուրքիայի նախագահի այցի օրակարգի պաշտոնական մասը պլանավորված է այսօր․ դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Էրդողանն ու Ալիևը նախ երկկողմ հանդիպում կունենան, ապա կմասնակցեն ընդլայնված կազմով բանակցությունների, ինչից հետո երկու առաջնորդները հանդես կգան հայտարարությամբ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։
Էրդողանն Ադրբեջան է ժամանել Հյուսիսային Կիպրոսից, որի անկախությունը ճանաչում է միայն Անկարան։ Միջերկրականի կղզին մասնատվել է մոտ հինգ տասնամյակ առաջ. 1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական բանակը ներխուժել է Կիպրոս և զավթել հյուսիսային հատվածը՝ տեղի թուրք բնակչության անվտանգությունն ապահովելու պատրվակով։ ՄԱԿ-ը տասնամյակներ շարունակ փորձել է կարգավորել այս հակամարտությունը, սակայն՝ ապարդյուն։ Կղզու հունական հատվածը մերժում է երկու պետության գաղափարը և ապօրինի է համարում Նիկոսիայում հաստատված իշխանությունը։
Թեև Թուրքիայից բացի որևէ երկիր չի ճանաչում այդ կազմավորումը, երեկ Էրդողանը կրկին պնդել է՝ Կիպրոսի հարցով բանակցությունները վերսկսելու համար պետք է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»։
«Կիպրոսցի թուրքերի պահանջը միանգամայն հստակ է և արդար։ Նրանք կղզում երբեք փոքրամասնություն չեն եղել և չեն լինի», - հայտարարել է Թուրքիայի առաջնորդը՝ հունական կողմին կոչ անելով «տեսնել այդ իրողությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան. «Կիպրոսի բանակցությունների համար հարկ է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»