Լիոնել Մեսսին մարզական կարիերան կշարունակի Միացյալ Նահագներում

Paris St Germain ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:

Paris St Germain փարիզյան ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին տեղափոխվում է Միացյալ Նահանգներ՝ Inter Miami: Այդ մասին հաղորդել է Mundo Deportivo իսպանական օրաթերթը:

«Որոշել եմ մեկնել Մայամի: Ուզում եմ հեռանալ Եվրոպայից, դուրս գալ ուշադրության կենտրոնից և ավելի շատ մտածել ընտանիքիս մասին»,- ասել է Մեսսին:

Sport իսպանական պարբերականն օրերս գրել է, թե Մայամիի Inter-ը Մեսսիին առաջարկել է 200 միլիոն դոլարով քառամյա պայմանագիր:

Մեսսին Barcelona կատալոնական ակումբից 2021 թվականին է տեղափոխվել Paris St Germain, որի կազմում երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և մեկ անգամ վաստակել է սուպերգավաթը:

Այս մրցաշրջանի ավարտից շաբաթներ առաջ Մեսսին ասել է, թե չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ:

Վերջին շաբաթների ընթացքում մարզական մամուլում քննարկվել է Մեսսիի հնարավոր վերադարձը Barcelona, տեղափոխումը Անգլիա, ԱՄՆ կամ Սաուդյան Արաբիա՝ Al Hilal թիմ:

Սաուդյան Արաբիայում՝ Al Nassr ակումբում անցած մրցաշրջանից խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն: Քարիմ Բենզեման նոր մրցաշրջանում խաղալու է Al-Ittihad-ում: Ենթադրվում է, որ ևս մի քանի շատ հայտնի աստղեր առաջիկայում կարող են տեղափոխվել Սաուդյան Արաբիա:

2022--ին Մեսսին Քաթարում Արգենտինայի հավաքականի կազմում՝ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

37-ամյա Մեսսին Barcelona-ի կազմում 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7-ական անգամ շահել է Իսպանիայի սուպերգավաթը և գավաթը, 4 անգամ վաստակել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը, 3 անգամ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը և 1 անգամ էլ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել:

Մեսսին 7 անգամ ստացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը՝ «Ոսկե գնդակը»: Դա բացարձակ ռեկորդ է: Երկրորդ տեղում 5 անգամ այդ մրցանակը շահած Ռոնալդուն է:

2022 թվականին Լիոնել Մեսսին Քաթարում Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեսսին՝ ՖԻՖԱ-ի 2022-ի լավագույն ֆուտբոլիստ, Պուտելլասը՝ լավագույն կին ֆուտբոլիստ