Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների մեղադրանքները դատարանում պաշտպանող դատախազներն աշխատանքից ազատման դիմումներ են գրել ու հեռացել համակարգից։ Ինչո՞ւ. նրանք հրաժարվում են խոսել պատճառներից։
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղասարյանը նաև խուսափեց պատասխանել «Ազատության» հարցին, թե արդյո՞ք տարաձայնություններ ունեն նոր գլխավոր դատախազի հետ, կամ արդյո՞ք Աննա Վարդապետյանն է դժգոհ եղել իրենց աշխատանքից։ Հստակ է մեկ բան՝ այս գործերը նոր դատախազներ կվարեն, իսկ սա նշանակում է, որ արդեն մի քանի տարի ձգվող դատաքննությունները հավելյալ կերկարեն։
«Չորս տարվա ընթացքում այս գործերը, ըստ էության, տեղից չեն շարժվել, և նաև դատական իշխանության անգործության արդյունքում Ռոբերտ Քոչարյանն ամբողջովին այս պահին իրավական առումով մաքրվել է մարտիմեկյան մեղադրանքների ծավալից», - ասաց երկրորդ նախագահի գործին հետևող Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը մերժեց մեղադրող դատախազի ինքնաբացարկի վերաբերյալ Սերժ Սարգսյանի փաստաբանի միջնորդությունըՆրա կարծիքով՝ կա՛մ գլխավոր դատախազն է դժգոհ եղել դատախազների աշխատանքից, կա՛մ էլ դատախազները հնարավորություն չեն ունեցել ողջ ծավալով աշխատել ընդդեմ մեղադրյալների։ Դեռ 2018-ին վարչապետ Փաշինյանը խոստանում էր պատժել Մարտի մեկի մեղավորներին ու բացահայտել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք տեղի ունեցած անօրինականությունները, բայց դա տեղի չունեցավ, նկատում է Կոնգրեսի իրավական հարցերով ներկայացուցիչը։
«Պետք էր մի կողմից ունենալ մեղադրանք՝ գործ դատարանում, մյուս կողմից՝ այդ մեղադրանքն ու գործը այնպիսի պիտի չլինեին, որոնք այս երկուսին կմեկուսացնեին, կտանեին բանտախուց ու կպահեին այնտեղ՝ այդպիսով իրենց ցանկալի ընդդիմադիր հակառակորդին քաղաքական դաշտից դուրս բերելով կորցնել այն լծակը, որի միջոցով կարողանում է քվեներ հավաքել, երբ իրեն ա անհրաժեշտ է», - նկատեց ՀԱԿ անդամը։
Համակարգից առանց որևէ հրապարակային պարզաբանման հեռացած երեք դատախազներից երկուսը 2018 թվականից թե՛ նախաքննության և թե՛ դատաքննության ընթացքում ներկայացնում էին երկրորդ նախագահին առաջադրված երկու ծանր մեղադրանքները՝ 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալումն ու 3 միլիոն դոլար կաշառք ստանալը։ Երբ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին ենթականերն արդարացվեցին սահմանադրական կարգի տապալման դրվագով, դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել էր, որ կշարունակեն աշխատել՝ երկրորդ նախագահին պատասխանատվության ենթարկելու համար։
Դատարանն այժմ քննում է միայն կաշառքի դրվագը։ Ապացույցների հետազոտման փուլն է, բայց փաստացի գործով դատախազ չկա։
Երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանն ասում է՝ նոր դատախազը պետք է զրոյից ծանոթանա գործին, իսկ դա երկար ժամանակ կպահանջի։ Մինչդեռ դատախազներ Բաղդասարյանն ու Պետրոսյանը կատարելապես տիրապետում էին գործին, նկատում է Ալումյանը. - «Բայց այն էլ, ինչ որ քննվում է, ինքն էլ քիչ չէ ծավալով, և պիտի այդ ամբողջ ծավալից մեջից դա դուրս բերի ցանկացած մեկն, ով նոր է ներգրավվում, պիտի ուսումնասիրի և բացի այն, որ նախաքննական նյութերին պիտի ծանոթանա, նաև պիտի դատարանում տեղի ունեցած բոլոր նիստերին ծանոթանա, ձայնագրություններին։ Դա շատ մեծ աշխատանք է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ԱՄՆ պետական դեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցի, Հայաստանում մեծ թվով գործերի քննությունն առաջ չի գնումԴատախազությունն առայժմ չի հստակեցրել, թե ովքեր դատարանում կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մեղադրանքը, իսկ նոր դատախազի նշանակումից հետո սովորաբար դատավորն է որոշում, թե որքան ժամանակ կտրամադրի նրան՝ գործին ծանոթանալու համար։
«Եթե դատախազն ավելի մեծ ժամկետ ուզի, ես կարծում եմ՝ դատավորը նրան չի սահմանափակելու։ Մյուս հարցն է, թե դատախազն ինչքան ժամանակ կուզի, պատրաստ կլինի կիսատ-պռատ վիճակում, ոչ շատ խորացած լինելով գործի մեջ սկսի իր պարտականությունների կատարումը, թե այնուամենայնիվ կգերադասի գործը իդեալական ուսումնասիրել, ինչպես օրինակ՝ գործը իդեալական գիտեին դատախազներն Բաղդասարյանն ու Պետրոսյանը», - շեշտեց փաստաբան Ալումյանը։
Կաշառքի գործով Ռոբերտ Քոչարյանին սպառնում է 7-ից 12 տարվա ազատազրկում։ Պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելը կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում։ Նախկին երկու նախագահների դատավարությունն արդեն մի քանի տարի է ընթանում։