Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց մեղադրող դատախազի ինքնաբացարկի վերաբերյալ Սերժ Սարգսյանի փաստաբանի միջնորդությունը


Դատարանն այսօր մերժեց մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի ինքնաբացարկի վերաբերյալ Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանի միջնորդությունը։

Մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանը երեկ դատական հենց առաջին նիստին էր բացարկ ներկայացրել դատախազին՝ պնդելով, թե վերջինս կողմնակալ է։

Մեղադրյալ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը։ Այս միջնորդությունը վերացնելու պահանջով Սարգսյանի փաստաբանները դիմել էին դատարան։ Գխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը, և Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի վերացվի։

Ըստ մեղադրանքի, Հայաստանը 2008-2018 թվականներին ղեկավարած Սերժ Սարգսյանը 2013-ին կազմակերպել է, որ իր մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և գյուղնախարարության աշխատակիցներ Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ այն ժամանակվա գյուղնախարար Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։ Նախկին գյուղնախարարը այսօր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք ինքն է ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ, միայն կրկնեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանն իր նախագահության ժամանակաշրջանում այնպես է արել, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութն իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը տրամադրի՝ անտեսելով այն փաստը, որ պետգնումների մրցույթին մասնակցած «Մաքսհուր« ընկերությունն ավելի ցածր գին է ներկայացրել։

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը նիստից հետո լրագրողներին ասաց՝ «Մաքսհուր»-ն ինչպե՞ս կարող էր ցածր գին ներկայացնել, երբ դիզելային վառելանյութն այդ ընկերությունն ավելի բարձր գնով է ձեռք բերել։. - «Այդ տարվա ընթացքում հարյուրավոր տոննաներ այդկազմակերպությունը ձեռք է բերել շատ ավելի բարձր գներով՝ 440-460 [դրամով] և այլն։ Ինչպե՞ս կարող էր 420 դրամով մատակարարվել հանրապետության ամբողջ տարածքում։ Ընդ որում, այդ 420 դրամի մեջ պետք է ներառված լինեին նաև վառելիքը համայնքներին հասցնելու տրանսպորտային ծախսերը։ Մի գաղնտիք էլ եմ ձեզ բացահայտում։ Ես հարցում եմ կատարել Հայաստանի Հանրապետության վիճակագրական ծառայություն, հարցրել եմ՝ հարգելիներս, կարո՞ղ եք ասել 2013 թվականին ինչ արժեր դիզելային վառելիքը, մեծածախ և մանրածախ։ Մեզ միայն մանրածախի գներն են տրամադրել՝ 465-467 [դրամ]»։

Ի դեպ, դատական նախորդ նիստին Ամրամ Մակինյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի բնութագրական տվյալներում բացակայում են մանրամասներ այն մասին, թե ինչ ծառայություններ է մատուցել իր պաշտպանյալը հայրենիքին։ Ինքը Մակինյանը 2015 թվականին եղել է Ժիրայր Սեֆիլյանի գործով քննչական խմբի ղեկավարը։

Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հարց բարձրացրեց, թե ինչպես է, որ Մակինյանը Սեֆիլյանի հերոսական անցյալի մասին ոչ մի խոսք չէր ներառել նրա բնութագրական գործում. - «Որևէ փաստական տվյալ, որ նա հերոսական անցյալ է ունեցել՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, պետական պարգևներ, Մակինյանը չէր նկատել։ Ըստ քրեադատավարական օրենքի, անձի մեղավորությունը հաստատող և հօգուտ նրան բերվող բոլոր փաստական տվյալները հավաքող մարմինը դա քննիչն է։ Քննիչը, ենթադրում եմ, հենց Ամրամ Մակինյանը, նրան զգուշացրել էին քաղաքականությամբ չզբաղվի, և դա վերջին զգուշացումն էր։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Քննչական կոմիտեում վերջին զգուշացումից հետո, հետագայում Ժիրայր Սեֆիլյանը, նաև մի շարք անձինք մեղադրանքներով ձերբակալվեցին»։

Այս առնչությամբ Մակինյանն ասաց. - «Երբ որ ես կկատարեի իմ՝ օրենքով նախատեսված պարտականությունը, այսինքն ես կլինեի էդ կազմող անձը... ու եթե չէի կազմել, այդ հարցը բարձրացնելը կլիներ իրավաչափ»։

XS
SM
MD
LG