Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստն անցավ լարված մթնոլորտում


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում

Կաշառքի համար մեղադրվող նախկին նախագահի փաստաբանն այսօր դատարանում հայտարարեց, թե այս քրեական գործը կարճելու միջնորդություն է ներկայացնելու։ Արամ Օրբելյանը, սակայն, այդպես էլ չկարողացավ դա անել, քանի որ դատավորը որոշեց մինչ այդ սկսել ապացույցների ուսումնասիրությունը։

Փաստաբան Արամ Օրբելյանը, ի նշան բողոքի, նիստի վերջում լքեց դահիճը և տուգանվեց դրա համար։

Արամ Օրբելյան
Արամ Օրբելյան

Դատավոր Աննա Դանիբեկյանը շաբաթներ առաջ էր հայտարարել բուն դատաքննության անցնելու մասին, այսօր էլ սահմանեց ապացույցների հետազոտման, վկաներին լսելու կարգը։ Մինչդեռ փաստաբանը դեմ էր ապացույցների հետազոտմանը։ Պնդեց՝ եթե իր միջնորդությունը բավարարվի, և այս քրեական գործը կարճվի, ապա ապացույցները հետազոտելու կարիք էլ չի լինի. - «Քննարկեցինք, անցանք միջնորդությանը, ասում եք՝ միջնորդությունը տասնվեցն անց երեսուն կքննարկենք։ Ասում եմ՝ հարգելի դատավոր, դա ցույց ա տալիս վերաբերմունք»։

Այս գործով դատավարությունը երեք շաբաթ չէր կայանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի պատճառով։ Նա այսօր եկել էր դատարան, սակայն ողջ նիստի ընթացքում լռություն պահպանեց։

Մեկ այլ բանավեճ էլ ծագեց դատական նիստի սկզբում կրկին ապացույցների հետազոտման պատճառով։ Մեղադրող դատախազը առաջարկեց հետազոտել միայն կաշառքի գործով ապացույցները՝ հիշեցնելով, որ Մարտի 1-ի դրվագով Քոչարյանն ու նրա նախկին ենթակաները արդարացվել են։ Եվ քանի դեռ այդ որոշման դեմ բողոքը քննում է վճռաբեկ դատարանը, և չկա այս ատյանի վճիռը՝ այդ մասով ապացույցները քննելու իմաստ առայժմ չկա. - «Մեղադրական եզրակացությամբ դատարան են ներկայացվել բազմաթիվ ապացույցներ, որոնք ըստ էության, ոչ միայն առաջին հայացքից, այլ նաև կողմերին ակնհայտ է, որ դրանք վերաբերում են այն մեղադրանքին, որոնցով արդեն իսկ սույն գործի քննության ընթացքում դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել։ Հետևաբար, ապացույցներով ծանրաբեռնել այս դատական նիստը և կատարել քննություն, ներկա փուլում առարկայազուրկ է։ Դրանց հնարավորություն կունենանք անդրադառնալու հետագայում, երբ այս քրեական գործի շրջանակներում կայացված որոշումը վերջնականապես եռաստիճան դատական ատյաններով անցնելու պայմաններում կբեկանվի և կվերադարձվի նոր քննության, կամ կստանա օրինական ուժ»։

Դատախազի այս առաջարկը զայրացրեց պաշտպանական կողմին, որը պնդում էր, թե նաև Մարտի 1-ի գործով ապացույցները պետք է հետազոտվեն, դատարան պետք է գան հետընտրական իրադարձություններից տուժողները, մի խոսքով՝ դատարանը պետք է լսի մոտ 100 մարդու, ուսումնասիրի գործի 80 հատորները։

Արմեն Գևորգյան
Արմեն Գևորգյան

Այս գործով մեղադրյալ, Քոչարյանի նախկին ենթակա, այժմ նրա առաջնորդած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանն ասաց՝ 2018-ին իրեն առաջադրել էին արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք, ճիշտ է, այն հիմա հանված է, բայց ուզում է, որ իրեն առնչվող բոլոր փաստաթղթերը ևս հետազոտվեն. - «Եվ եթե մենք պիտի հիմա այդ ամեն ինչին անդրադարձ չկատարենք և չուսումնասիրենք, ստացվելու է, որ մենք ընդամենը ուսումնասիրում ենք այն, ինչը որ դատախազությունը գտնում է նպատակահարմար, և դրանով հարցը փակենք»։

Պաշտոնաթող նախագահի պաշտպանը ևս պնդում էր՝ դատարանը պետք է ուսումնասիրի բոլոր նյութերը, քանի որ դա է պահանջում օրենքը. - «Էդտեղ կա՞ տուժողների հարցաքննություն։ Էդ թղթերի մեջ կա, ուրեմն պետք ա»։

Դատախազը, սակայն, պաշտպանական կողմի այս պահանջները որակեց որպես դատավարությունը ձգձգելու միջոց, ոչ ավելին։

Դատական նիստից հետո արդեն «Ազատության» հետ զրույցում Պետրոս Պետրոսյանն ասաց՝ նրանց պահանջը նշանակում է տարիներով ձգել դատավարությունը, այնինչ ինքն առաջարկում է մինչև վճռաբեկի որոշումը հետազոտել միայն կաշառքի գործով ապացույցները, ինչը կհեշտացնի գործի քննությունը. - «Նպատակը դատավարական չէ, բայց կարող է լինել դրա տակ քողարկված դատավարական նպատակ։ Դատավարական նպատակ կարող է լինել տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ խուսափել, ազատվել քրեական պատասխանատվությունից»։

Այսօրվա նիստում դատավորն Արմեն Գևորգյանին առաջին անգամ թույլատրեց մեկնել Հայաստանից։ Պատգամավորը Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի նիստի է մասնակցելու։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 3-ին։

XS
SM
MD
LG