Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի հաղորդումը, թե հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է՝ Բաքվի հաղորդում չի համապատասխանում իրականությանը՝ շեշտելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:
Բաքուն, մասնավորապես, հայտնել է, որ հունիսի 5-ին, ժամը 22:50-ից մինչև հունիսի 6-ը ժամը 04:40-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները «Բասարկեչյարի շրջանի» (Վարդենիսի շրջան) դիրքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ», - ասված է հաղորդագրությունում։
Հայ-ադրբեջանական ինտենսիվ բանակցությունների ֆոնին Երևանն ու Բաքուն ամենօրյա ռեժիմով հրադադարի խախտման փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնն «անհամբեր սպասում է» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին