Երևանը կառուցողական է համարում երեկ Մոսկվայում փոխվարչապետերի աշխատանքային խմբի նիստը

ՀՀայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչուկ, Շահին Մուսթաֆաև

Պաշտոնական Երևանը կառուցողական է համարում երեկ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի նիստը։

Հայաստանի կառավարության գնահատմամբ, էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում:

Ե՛վ Երևանը, և՛ Մոսկվան հանդիպումից հետո նույնաբովանդակ հաղորդագրությամբ հայտնեցին, թե ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:

Թե ինչ կոնկրետ քայլեր են դրանք և ինչ առաջընթաց նկատի ունեն, կողմերը փակագծեր չեն բացում։ Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։

«Հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է բոլորին»

Երկաթուղու վերականգման հարցով կառավարական աշխատանքային խմբի անդամ, տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը թեև հանդիպմանը ներկա չի եղել, բայց ասում է՝ ենթատեքստը հուշում է, որ կողմերը հաստատակամ են՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է բոլորին։

«Կարող է մեկի համար շատ-շատ լավ, մյուսի համար քիչ-քիչ լավ», - ասաց Քոչինյանը։

Մնում է ճշտել խաղի կանոնները

Երկաթուղին պետք է գործի Հայաստանի օրենսդրությամբ, շահագործման հարցում գործնական քայլերի հնարավոր կլինի անցնել միայն բոլոր երաշխիքներից հետո, սա Երևանի դիրքորոշումն է, որը հնչեցել էր արտաքին գերատեչությունը մայիսի 14-ի բրյուսելյան բանակցություններից հետո։

Սակայն Մոսկովյան հանդիպումից առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ակնարկել էր՝ ապաշրջափակման բանակցություններում չկա կոնսենսուս, որ ենթակառուցվածքները լինելու են Հայաստանի իրավազորության ներքո։

«Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել։ Միջանցքների մասին, եթե ենթադրվում է այդ տերմինի տակ հատուկ ռեժիմ՝ ո՛չ, չենք քննարկելու նման հարց», - ասաց փոխվարչապետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում Փաշինյանի ու Ալիևի միջև բանավեճ սկսվեց
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի պատրաստվում քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց. Մհեր Գրիգորյան

Հենրիկ Քոչինյանը ընդգծում է՝ այս հարցը հենց ամենասկիզբից պետք է առաջնայինը լիներ։

«Երկու տարի ուշացումով մերոնք սկսեցին խոսել, իսկ առողջ բանականությունը հուշում է, որ իմ երկրի տարածքում պետք է իմ օրենքներն աշխատեն, հարևանի երկրի տարածքում՝ հարևանի օրենքները։ Միջազգայնորեն ընդունված կարգեր կան՝ ինչպես բեռն ընդունել, ինչպես մարդուն ընդունել, ինչպես ճանապարհել և այդ կարգերը պարտավոր են երկու կողմերն էլ պահպանել», - ասաց Քոչինյանը։

44-օրյա պատերազմից հետո հաղորդակցության ուղիների, ու մասնավորապես, երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր, տարածաշրջանի ապաշրջափակումը նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունը

Պայմանավորվածությունների համաձայն, Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի։

Կառավարությունն անցած տարի հունվարին այս աշխատանքների համար 10 հոգուց կազմված հատուկ խումբ ստեղծեց, որը հետազոտություններ իրականցրեց։

Այդ ժամանակ հայկական կողմը նախնական գնահատականներ հնչեցրեց՝ Երասխի հատվածը վերականգնելու համար ամիսներ պետք կգան, Մեղրիի հատվածում անհրաժեշտ կլինի երեք տարի։

Այս պայմանավորվածությունից ու հայտարարություններից հետո, սակայն, երկաթուղու վերաբերյալ քննարկումները մարեցին: Հարցը կրկին հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգ մտավ Փաշինյան-Ալիև-Միշել մայիսի 14-ի հանդիպումից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դիրքորոշումները շատ են մոտեցել դեպի Նախիջևան և Նախիջևանի միջոցով երկաթգծի վերագործարկման հարցում». Միշել

Ինչ ժամկետներում կարող է երկաթուղին գործարկվել, հայտնի չէ, հայկական կողմում դեռ շինարարություն չի սկսվել։ Ադրբեջանը Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու իր կողմում գտնվող հատվածներում շինարարությունը դեռ երկու տարի առաջ է սկսել։ Դեպի Հայաստան եկող երկաթուղու շինարարությունը Բաքուն նախատեսում է ավարտին հասցնել հաջորդ տարի։

Աշխատանքային խմբի անդամ Հենրիկ Քոչինյանն ընդգծում է՝ հայկական կողմում շինարարությանը հասնելուց առաջ դեռ պետք է մի շարք փաստաթղթեր ստորագրել։

«Տարանցիկ փոխադրումներն ինչպես կազմակերպել, մարդկանց, բեռների զննումը որտեղ անցկացնել, ինչպես անցկացնել, ինչ ռեժիմներով, բազմաթիվ խնդիրներ կան, որ պարտավոր ենք դնել՝ ստորագրել, դնել՝ ստորագրել։ Մենք, օրինակ, Վրաստանի հետ տասնյակից ավելի նման փաստաթղթեր ունենք։ Առանց էդ փաստաթղթերի բան չի ստացվի, ամեն մարդ կսկսի իր ցանկությամբ», - ասաց Քոչինյանը։

Նախքան մոսկովյան հանդիպումը Ռուսաստանաի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել էր, թե քննարկվելու են սահմանահատման ընթացակարգին վերաբերող հարցեր։ Այս մասով պաշոտնական հաղորդագրություններում որևէ տեղեկություն չկա։ Կողմերը ոչինչ չեն հայտնել նաև ավտոճանապարհների ապաշրջափակման մասին։