Վերջին շրջանում հարձակումների և գնդակոծութունների մասին հայտնում է ոչ միայն ուկրաինական կողմը։ Գրեթե մշտական հարվածի տակ են նաև Ռուսաստանի մի շարք մարզեր, հատկապես Ուկրաինային սահմանակից Բելգորոդի և Բրայնսկի մարզերը։
Կրեմլը «տագնապալի» է անվանել իրավիճակը Բելգորոդի մարզում, որտեղ գնդակոծությունները շարունակվում են արդեն մի քանի օր։
«Մենք իսկապես մտահոգված ենք այս իրավիճակով, այնտեղ շարունակվում են քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունները, իրավիճակը բավական տագնապալի է, միջոցներ են ձեռնարկվում», - ասել է Դմիտրի Պեսկովը։
Թե ինչ միջոցների մասին է խոսքը, Կրեմլի խոսնակը չի ասել։ Փոխարենը հայտարարել է, թե Արևմուտքը չի դատապարտել հարձակումները ո'չ Բելգորոդի, ո'չ էլ Մոսկվայի վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական Շեբեկինո քաղաքում իրավիճակը «վատթարանում է»Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն առավոտյան ասել է, որ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Շեբեկինո քաղաքում իրավիճակը վատթարանում է. - «Այսօր մենք սկսում ենք երեխաներին դուրս բերել Շեբեկինսկի և Գրայվորոնսկի շրջաններից: Այսօր առաջին 300 երեխաներին կուղարկենք Վորոնեժ»։
Նահանգապետի խոսքով, այսօր ժամը 03:15-ին քաղաքի վրա զանգվածային հարձակում է իրականացվել «Գրադ» բազմակի հրթիռային համակարգերով, չորս մարդ վիրավորվել է։ Տուժել են բազմաբնակարան շենքեր, տնային տնտեսություններ, ինչպես նաև դպրոցի շենքը, ամբողջությամբ այրվել է մեկ խանութ։ Օրվա ընթացքում կրակողներ լսվել են մարզի այլ բնակավայրերում ևս։
Բելգորոդի մարզը սակայն Ռուսաստանի միակ մարզը չէ, որտեղ անհանգիստ է այսօր։ Կրասնոդարի երկրամասում այս գիշեր անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու նավթավերամշակման գործարանների։ Ռուսական կողմի պնդմամբ, տուժածներ չկան, բռնկված հրդեհն էլ հաջողվել է արագ մարել։
Կուրսկի մարզի նահանգապետը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Տյոտկինո գյուղի գնդակոծման մասին։ Նրա խոսքով, գնդակոծության հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, որոշ փողոցներում լույս չկա։ Զոհեր և վիրավորներ չկան։
Երեկ առավոտյան Մոսկվան և Մոսկվայի մարզն էին ենթարկվել անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ութ անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին, սակայն ռուսական լրատվամիջոցների տվյալներով, Մոսկվան ու Մոսկվայի մարզը երեկ գրոհել էին 25-32 անօդաչու։ Ամեն դեպքում բնակչության շրջանում զոհեր չկան և մեծ վնասներ այս հարվածները չեն հասցրել։ Արևմտյան փորձագետներին զարմացրել է Ռուսատսանի իշխանությունների և շարքային մոսկվացիների հանգիստ վերաբերմունքը կատարվածին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անօդաչուների հարձակման ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերն աշխատել են «նորմալ, բավարար». ՊուտինՈւկրաինական կողմը գնդակոծում է Լուգանսկի և Դոնեցկի մարզի օկուպացված շրջանները
Մինչ այդ, ուկրաինական ուժերը վերջին օրերին ակտիվ գնդակոծում են Լուգանսկի և Դոնեցկի մարզի օկուպացված շրջանները։
Լուգանսկի մարզի օկուպացված հատվածի ռուսական իշխանությունները հայտարարել են Կարպատի գյուղի գնդակոծման մասին։ Նրանց պնդմամբ, ուկրաինական կողմը HIMARS-ով հարվածել է թռչնաբուծական ֆերմային և շինարարական օբյեկտին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 19-ը վիրավորվել են։ Ուկրաինական կողմը այս տեղեկությունը չի մեկնաբանել։
Բացի դրանից, երեկ պայթեցվել է Ռուսաստանի և Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանների խաչմերուկում գտնվող ճանապարհը։ Պայթյունի տեսանյութը այսօր հրապարակվել է ռուսական Telegram ալիքներում։ Նրանք պնդում են, որ Չեռնիգովի շրջանում պայթեցվել է «տանկերի համար վտանգավոր ուղղությամբ ուկրաինական ճանապարհը»։
Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ներկայացուցիչը՝ մանրամասնելով, թե Չեռնիգով-Բրյանսկ ճանապարհը պայթեցրել են ռուսները։ Նրա խոսքով, ռուսական կողմը վախենում է, որ ուկրաինական սպասվող հակահարձակման ժամանակ ուկրաինական բանակը կփորձի գրավել Բրյանսկ քաղաքը։
Ռուսաստանը հրաժարվում է ռազմական նախաձեռնությունից և ստիպված է պատասխանել Ուկրաինայի գործողություններին
Երբ և որ ուղղությամբ են սկսելու ուկրաինացիներն իրենց հակահարձակումը, հայտնի չէ։ Բրիտանական հետախուզությունը փաստում է. Ռուսաստանը հրաժարվում է ռազմական նախաձեռնությունից և ստիպված է պատասխանել Ուկրաինայի գործողություններին։
Վերջին շաբաթների գիշերային ինտենսիվ ռմբակոծություններրը չօգնեցին ռուսներին, նրանք չկարողացան չեզոքացնել Ուկրաինայի արդիականացված հակաօդային պաշտպանությունը, չկարողացան թուլացնել հակահարձակման պատրաստվող ուկրաինական ուժերին, գրել են բրիտանացի հետախույզներն իրենց վերջին զեկույցում։