Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է․ «Գոյություն չունի այնպիսի ուժ, որն այսօր ուկրաինական հանրությանը և պետության ղեկավարությանը կստիպի խոսել ռուսների հետ, քանի դեռ մեր տարածքում կանգնած է ՌԴ -ի զորքը»։ Երմակն այսկերպ արձագանքել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հայտարարություններին։
ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ռուսաստանցի պաշտոնյան Ուկրաինայի հետ պատերազմի դադարեցման մի շարք պահանջներ է ներկայացրել, այդ թվում՝ Կիևից պահանջել «դադարեցնել ռազմական գործողությունները», հրաժարվել արևմտյան սպառազինությունից, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամակցության հեռանկարից, ճանաչել «տարածքային նոր իրողությունները», ռուսաց լեզուն հռչակել որպես պետական լեզու։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն իր հերթին հայտարարել է, որ խաղաղ բանակցություններ սկսելու համար «իրատեսական» են միայն Ուկրաինայի պահանջները, այդ թվում՝ բոլոր ռուսական զորքերի անհապաղ դուրս բերումը ուկրաինական տարածքից, ԽՍՀՄ փլուզման փաստի և հետխորհրդային երկրների ինքնիշխանության ճանաչում։
Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության հաստատման մյուս պայմանները պետք է լինեն, ըստ Պոդոլյակի, բոլոր ռազմական հանցագործների և «պատերազմի հեղինակների» արտահանձնումը, ՌԴ տարածքում բուֆերային գոտու ստեղծումը հարձակողական զենքի կրճատմամբ, ինչպես նաև Ռուսաստանի կողմից փոխհատուցում: