Մատչելիության հղումներ

Պուտինը չի պլանավորում դիմել քաղաքացիներին Մոսկվայի վրա ԱԹՍ-երի հարձակման կապակցությամբ


Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը չի պլանավորում դիմել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Մոսկվայի վրա կատարված ԱԹՍ-ների հարձակման կապակցությամբ, քանի որ մայրաքաղաքի և Մերձմոսկովյան շրջանի բնակիչների համար որևէ սպառնալիք ներկայիս պահին գոյություն չունի, այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ դա «Կիևի ռեժիմի հարձակումն էր ու դա պետք է հստակ հասկանալ»։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Մոսկվայի վրա 8 ԱԹՍ է չեզոքացվել, որոնց միջոցով Կիևը պլանավորում էր հարվածել Մոսկվայի օբյեկտներին։

Ռուսաստանի քննչական կոմիտեի ասելով՝ դրոնների ընկնելու պատճառով Մոսկվայի մի քանի շենքեր աննշան վնասվել են։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ երկու մարդ բուժօգնության է դիմել, ոչ մեկը հոսպիտալացվելու կարիք չի ունեցել։ Նա նաև ասել է, որ ԱԹՍ-ների ընկնելուց վնասված երկու շենքերի մի քանի նրբանցքների բնակիչներին «տարհանելու միջոցառում է անցկացվել»։

Մայիս ամսին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը անդադար հարձակման է ենթարկվել ռուսական ուժերի կողմից։ Անցած գիշերը ԱԹՍ-ների հերթական զանգվածային հարձակման հետևանքով 33-ամյա մի կին է զոհվել, ևս 13 մարդ վիրավորվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG