Սուդանում վերսկսվել է փոխհրաձգությունը

Զինված հակամարտություն Սուդանում:

Սուդանում երկրի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև զինված հակամարտությունը վերսկսվել է:

Սաուդյան Արաբիայում ՄԱԿ-ի միջնորդությամբ հաստատված մարդասիրական հրադադարը դեռ պետք է գործեր մինչև այսօր երեկոյան տեղական ժամանակով 21:45-ը, սակայն կողմերն այն խախտել են:

Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ, փոխհրաձգություն է տեղի ունենում մայրաքաղաք Խարթումի տարբեր թաղամասերում: Բացի այդ, մարտեր են ընթանում Օմդուրման ավանի հարավային և արևմտյան շրջաններում:

Բանակի հրամանատարը գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանն է, արագ արձագանքման ջոկատների հրամանատարը գեներալ-լեյտենանտ Մուհամեդ Համդան Դագալոն է:

Երկու զորավարների վեճը Սուդանում միացյալ զինված ուժերի ստեղծման ժամկետների և մեթոդների հայեցակարգի շուրջ է:

Բացի այդ, գեներալները համաձայնություն չունեն այն հարցում, թե ով պետք է լինի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը՝ պրոֆեսիոնալ զինծառայողը, թե ընտրություններով իշխանությունը ստանձնած նախագահը:

Առաջին տարբերակի կողմնակիցը գեներալ Աբդել ֆաթահ ալ-Բուրհանն է, իսկ բանակը քաղաքացիական իշխանության ենթարկելու գաղափարի աջակիցը գեներալ-լեյտենանտ Մուհամեդ Համդան Դագալոն է:

Բախումները սկսվել են այս տարվա ապրիլի 15-ին: Ենթադրվում է, որ մարտական գործողությունների զոհ է դարձել առնվազն 886 խաղաղ բնակիչ: Կան հազարավոր վիրավորներ: Զինծառայողների շրջանում երկու կողմերի կորուստների մասին ստույգ տեղեկատվություն չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուդանի հակամարտող կողմերն ուղիղ բանակցություններ են սկսել