Սուդանում բանակի և արագ արձագանքման ուժերի միջև շաբաթներ տևող արյունալի զինված առճակատման ընթացքում զոհվել են առնվազն 833 խաղաղ բնակիչներ: Եվս 3 հազար 329 բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գործակալության Ժնևի վարչության ղեկավար Ռամեշ Ռաջասինգհամը հայտնել է, որ այսօրվա դրությամբ Սուդանի բնակչության ավելի քան կեսը՝ 25 միլիոն մարդիկ, հումանիտար օգնության և պաշտպանության կարիք ունեն:
AFP լրատվական գործակալության փոխանցմամբ, զոհերի թիվը կարող է հասնել հազարի, իսկ վիրավորներինը՝ հինգ հազարի: Մարդիկ սպանվել են նախևառաջ մայրաքաղաք Խարթումում և դրա արվարձաններում, ինչպես նաև Դարֆուրի անհանգիստ շրջանում:
Երկրում հսկողություն սահմանելու համար արյունալի հակամարտության մեջ ներքաշված Սուդանի բանակը և արագ արձագանքման ուժերը ՄԱԿ-ի և միջազգային այլ դերակատարների միջնորդությամբ մի քանի անգամ հրադադար են հաստատել, սակայն համաձայնությունները որոշ ժամանակ անց խախտվել են: